Panorama.am. 18-1-2010- Առաջիկայում ակնկալվող եռակողմ՝ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև մոսկովյան հանդիպման ժամանակ որևէ հռչակագիր չի ստորագրվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
«Ադրբեջանը, ըստ էության, դարձել է տարածաշրջանի անկայունության օջախը: Դա թույլ չի տալիս մտածելու, որ մոտ ապագայում մենք կունենանք ադրբեջանական այնպիսի հասարակություն, որ պատրաստ կլինի ընդունել որևէ փոխզիջումային առաջարկ: Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը որևէ հույս չի թողնում մտածելու, որ առաջիկայում մենք այստեղ կունենանք որևէ առաջընթաց»,-ասաց պատգամավորը:
Նա այն կարծիքին է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահի ու Ռուսաստանի ղեկավարի հանդիպման ընթացքում առաջին հերթին քննարկվելու է հենց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հարցադրումները:
«Ես կարծում եմ, որ անրաժեշտ է, որ երկու կողմերը իմանան միմյանց տեսակետները, քանի որ նրանց հարաբերություններն իրոք ռազմավարական են»,-ասաց Գ. Մինասյանը:
ԱԺ պատգամավորն այն կարծիքին է, որ սառեցված հակամարտության շուրջ ընթացող բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմական գործողությունները, ուստի մեզ երկարատև աշխատանք է սպասվում:
«Մեզ երկար ճանապարհ կա անցնելու, որպեսզի մոտեցումները գոնե լինեն այնպիսին, որ հնարավոր լինի ստեղծել մի փաստաթուղթ: Այստեղ շատ արագ լուծումներ անտրամաբանական է սպասել»,-ի պատասխան Panorama.am-ի հարցի ասաց հանրապետական գործիչը` հիշեցնելով Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները: Ըստ նրա, Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ հետևողականորեն աշխատանքներ տանի՝ նրանց բերելու քաղաքակիրթ, աշխարհի համար ընկալելի լուծումների:
Monday, January 18, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment