
Terta.am. 13-1-2010- «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը համարում է իրավական տեսակետից ոչ լիարժեք և հատվածական։
Այս մասին նա նշել է Tert.am-ի հետ զրույցում` մեր խնդրանքով գնահատելով ՍԴ երեկվա որոշումը` կապված հայ-թուրքական Արձանագրությունների սահմանադրականության հետ։
Ըստ Ալավերդյանի, Սահմանադրական դատարանը միակ դատարանն է, որ հնարավորություն ունի խնդիրը դիտարկել ամբողջության մեջ, մինչդեռ ՍԴ-ն խնդիրը քննարկել է հատվածական, այսինքն` խնդրի շուրջ որոշում է կայացրել` դիտարկելով զուտ Արձանագրությունների տեքստը։ «Ժառանգության» պատգամավորի կարծիքով, տեքստային քննարկումից բացի ՍԴ-ն պետք է քննարկեր Արձանագրությունների իմաստային կողմը` դրանք համադրելով միջազգային իրավունքի և քաղաքական իրավիճակի հետ, ինչը չի արել։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Արձանագրությունների բուն տեքստը թույլ է տալիս միանշանակ ասել, որ Արձանագրությունների մի քանի կետեր հակասում են Սահմանադրությանը։ Օրինակ, ըստ նրա, ՍԴ որոշման մեջ հղում է արվում Անկախության հռչակագրի այն դրույթին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ «Ինչքան պետք է չցանկանալ տեսնել Արձանագրությունների բուն իմաստը, որ հղում է արվում Անկախության հռչակագրին»,- ընդգծել է նա։
Մեկ այլ հակասական կետի անդրադառնալիս` Ալավերդյանը մատնանշել է սահմաններին առնչվող դրույթը` կարծիք հայտնելով, թե Հայաստանն այս Արձանագրություններով նախադեպ է ստեղծում, երբ մի երկրի հետ ճանաչում է ոչ իրավական, ոչ օրինական սահմաններ։
No comments:
Post a Comment