Thursday, January 14, 2010

Էրդողանը Մոսկվայի բանակցությունները չափազանց արդյունավետ է գնահատել

News.am. 14-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանյան ղեկավարության հետ իր բանակցությունները «համակարգային եւ չափազանց արդյունավետ է գնահատել»: Ինչպես հայտնել է Թուրքիայի կառավարության ղեկավարը՝ Անկարա վերադառնալուն պես, առավելագույն կարեւորություն է ստացել երկու երկրների միջեւ վիզային սահմանափակումների վերացման պայմանավորվածությունը: «Ե՛ւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ե՛ւ վարչապետ Վլադիմիր Պուտինը դրական են վերաբերվել այդ հարցին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, Ռուսաստանում եւ Թուրքիայում համապատասխան գերատեսչություններն անհրաժեշտ հրահանգներ են ստացել եւ անցել վիզային ռեժիմի մեղմացման հարցի մշակմանը: Թուրքական կողմը կարծում է, որ վիզաների չեղյալ հայտարարման վերջնական համաձայնագիրը կարող է ստորագրվել ամռանը, ռուս-թուրքական գործարար խորհրդի նիստում՝ Ստամբուլում: Էրդողանը նաեւ բարձր գնահատական է տվել էներգետիկ թեմայով բանակցություններին: «Ակտիվորեն քննարկվել է էներգետիկ համագործակցության թեման: Մենք զբաղվում ենք Սամսուն-Ջեյհան նավթամուղի նախագծով: Զգալի քայլեր են կատարվել միջուկային էներգետիկայի ոլորտում: Այդ հարցերի վերաբերյալ այժմ աշխատանքներ են տարվում, եւ բանակցությունների ժամանակ հնարավորություն ունենցանք գնահատել դրա ընթացքը»: Նա նաեւ հավելել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկվել են տարածաշրջանային հարցերը, մասնավորապես՝ իրավիճակը Կովկասում, հայ-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանի, կիպրական թեմաները":

No comments: