Wednesday, January 13, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ԻՐԵՆՑ ԴԵՄՔԸ

«Լրագիր» 13-1-2010- Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մոսկվա կատարած այցի ժամանակ փորձելու է Ռուսաստանի միջոցով Ղարաբաղի հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա: Նույնիսկ նշվում է ազատագրված տարածքներից մեկի վերադարձ, որ կփրկի Թուրքիայի դեմքը և հնարավորություն կտա վավերացնել արձանագրությունները: Թուրքիայի օրենքների համաձայն, խորհրդարանը կարող է մինչև 10 ամիս քննարկել արձանագրությունները, ինչը լրացուցիչ ճնշում կարող է լինել Հայաստանի վրա, ասել է Վարդան Խաչատրյանը: Նման պայմաններում, Հայաստանը միջազգային հանրությանը պետք է ներկայացնի ավելի կոշտ դիրքորոշում, որտեղ փաստարկված կլինի, որ միջպետական հարաբերություններում ուղղակի ագրեսիան, ինչպիսին հանդիսանում է Հայաստանի սահմանի փակումը Թուրքիայի կողմից, մտնում է կարգի մեջ, և ագրեսիան Թուրքիայի համար դրական արդյունքներ է տալիս: “Մենք պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը, Թուրքիայի նախապայմաններին առաջադրենք մեր նախապայմանները: Էրդողանի այցը Ռուսաստան ճնշում է Մոսկվայի վրա: Նա փորձելու է տեղաշարժ արձանագրել, փրկել Թուրքիայի դեմքը: Լավրովն էլ այցելելով Հայաստան` փորձելու է չվտանգել Ռուսաստանի գերակա շահերը` կապված Թուրքիայի տարածքով կառուցվող գազամուղի հետ, որով ռուսական գազը պետք է դուրս գա Եվրոպա”, նշել է Վարդան Խաչատրյանը:

No comments: