Wednesday, January 13, 2010

Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին

News.am.13-1-2010- Թուրքիան Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Անկարան պահանջել է, որ իսրայելական կողմը ներողություն խնդրի իր դիվանագիտական առաքելության ներկայացուցչի հետ անհարգալից վարվելու համար։ Իսրայելական Jerusalem Post թերթը գրում է, թե Թուրքիայի դեսպանը կանչվել է Անկարա՝ խորհրդակցությունների համար, եւ նա կարող է հետ չվերադառնալ։ Նախօրեին՝ հունվարի 12-ին, թուրք դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքքյոլին կանչել էին Իսրայելի ԱԳՆ, որտեղ նրա հետ հանդիպել էր Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը։ Հանդիպմանը թուրք դեսպանին նստեցրել էին ցածր բազկաթոռին, մինչդեռ իսրայելցի պաշտոնյան նստել էր ավելի բարձր տեղում։ Բացի այդ, Այալոնը Չելիքքյոլին ձեռքը չէր մեկնել ողջունելու համար։ Ինչպես հաղորդում է թուրքական ԱԳՆ-ը, ընդունելության ժամանակ Իսրայելի փոխարտգործնախարարը ժպիտով եբրայերեն ասել է «կոպիտ արտահայտություններ», մինչդեռ թուրք դեսպանը սպասելով խոսքերի թարգմանությանը եւ չհասկանալով խոսքն ինչի մասին է, եւս քաղաքավարի ժպտացել է։ Այնուհետ դեսպանին հրավիրել են լուսանկարվելու, թեպետ Չելիքքյոլին նախօրոք չէին տեղեկացրել, թե հանդիպմանը լրագրողներ են լինելու։ Դիվանագիտական դեմարշի առիթ է դարձել թուրքական հայտնի «Գայլերի հովիտը» սերիալում իսրայելական հատուկ ծառայությունների աշխատակցի բացասական կերպարը ցուցադրելը։ Այդ սերիալում Իսրայելի հետախուզությունը առեւանգում է պաղեստինցի երեխաներին՝ նրանց հետագայում կրոնափոխ անելու եւ հուդայական դարձնելու նպատակով։ Դա Իսրայելում մեծ վրդովմունք է առաջ բերել։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին նախատեսված է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այցը Անկարա։

No comments: