Thursday, January 14, 2010

Պուտինը ճիշտ չի համարում Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները «մեկ փաթեթում միավորելը»

«Ազատություն» 13-1-2010- Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «պետք չէ մեկ փաթեթում միավորել» Ղարաբաղյան հակամարտության լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: «Ռուսաստանը ողջունելու է թե' Ղարաբաղի, թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած դրական որոշում», - ասել է Ռուսաստանի վարչապետը՝ հավելելով. - «Սակայն պետք չէ դրանք մեկ փաթեթում միավորել: Այդ երկու խնդիրներից յուրաքանչյուրը շատ բարդ է լուծել՝ առանձին վերցրած, իսկ եթե փորձ արվի դրանք լուծել մեկ փաթեթով, ապա դրանց լուծման հեռանկարը մեխանիկորեն կհայտնվի ամենահեռվում: Գործնական եւ ռազմավարական տեսանկյուններից այս խնդիրները մեկ փաթեթում միավորելը այնքան էլ ճիշտ որոշում չէ»: «Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի թե' մեկ եւ թե' մյուս խնդրի կարգավորմանը», - հավելել է Պուտինը՝ ընդգծելով, որ իր երկիրը միշտ հարգանքով է վերաբերել «իր բոլոր գործընկերների դիրքորոշումներին»: Երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ ռուս - թուրքական համագործակցության հարցերը, մասնավորապես` Սամսուն - Ջեյհան նավթատարի, «Հարավային հոսք» գազատարի եւ ատոմային էներգետիկայի բնագավառներում. հայտնի է, որ Ռուսաստանը կառուցելու է առաջին ատոմային էլեկտրակայանը Թուրքիայում: Նախօրեին Էրդողանը հանդիպել էր Ռուսաստանի մայրաքաղաքում աշխատող թուրք գործարարների, իսկ չորեքշաբթի առավոտյան` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ուսանողների հետ:

No comments: