Monday, January 11, 2010

Մայր Աթոռը չի բացառում կաթողիկոսի Բաքու մեկնելը

News.am .11-1-2010- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի բացառում ապրիլին Բաքվում աշխարհի կրոնական առաջնորդների գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասնակցելու հնարավորությունը, թեեւ Բաքվից դեռ որեւէ հրավեր չի ստացել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Մայր Աթոռի մամլո դիվանի խոսնակ Տեր Վահրամ Մելիքյանը: «Այս պահի դրությամբ դեռ Մայր Աթոռում հրավեր չի ստացվել, եթե ստացվի, կծանուցենք այդ մասին: Քանի դեռ հրավեր չկա, այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- նշեց մամուլի պատասխանատուն: Ի դեպ, հարցին, թե հրավերի դեպքում կգնա՞ արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսը Բաքու, Տեր Վահրամը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Բաքվում Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համանախագահ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ կայանալու է աշխարհի կրոնական առաջնորդների գագաթնաժողով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե Հայ առաքելական եկեղեցու հովվապետը եւս մասնակցելու է այդ գագաթնաժողովին:

No comments: