«Լրագիր» 19-1-2010- Քաղաքական ու մեդիա հարթությունում շարունակվում են բանավեճերն առ այն, թե պետք է արդյոք Ղարաբաղը մասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցությանը, թե՞ ձեռքերը ծալած սպասի, թե երբ “խաղաղություն կպարտադրեն” իրեն: Ղարաբաղում կարծում են, որ առանց իրեն կարգավորումն անհնար է, սակայն առանձնակի չեն էլ ձգտում դեպի բանակցային սեղան: Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել Ղարաբաղի չմասնակցելը, Երեւանն, ընդհակառակը, պահանջում է ԼՂՀ վերադարձը բանակցությանը: Սակայն այս ամենը` դեմագոգիայի մակարդակով:
Իրականում, չնայած նրան, որ, ինչպես ասում է Վլադիմիր Կազիմիրովը, մինչեւ 1997 թվականը եւ մաքոքային դիվանագիտության անցնելը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները բանակցում էին եռակողմ ձեւաչափով, Ադրբեջանը դեմ էր Ղարաբաղի մասնակցությունը դեռ մինչեւ 1997-ը: Որոշակի փուլերում Բաքուն ստիպված էր ստորագրել եռակողմ փաստաթղթեր, որոնք, Կազիմիրովի խոսքով, 14-ն են, այնուամենայնիվ եկավ մի պահ, երբ Ալիեւը կտրականապես հրաժարվեց ղարաբաղցիների հետ սեղան նստել: Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ մնում էր երկու ճանապարհ` կամ հրաժարվել բանակցությունից ի նշան բողոքի, կամ էլ… Եւ արվեց հետեւյալ քայլը` Ղարաբաղի նախագահը, ում հետ Ալիեւը չէր ուզում խոսել, հրավիրվեց Երեւան Հայաստանի ապագա նախագահի պաշտոնին: Եւ Ալիեւը ստիպված էր խոսել նրա հետ արդեն որպես Հայաստանի նախագահի:
Արդյոք դա իսկապես մտածված քայլ էր, թե ինքն իրեն ստացվեց, դժվար է դատել: Ինչպես նաեւ պնդել, թե այդ քայլը դրական ազդեց բանակցային գործընթացի վրա: Համենայնդեպս, “Ադրբեջանը չի ուզում խոսել Ղարաբաղի հետ” խնդիրը ժամանակավորապես լուծվեց, թեեւ Ղարաբաղը պաշտոնապես այդպես էլ չհայտնվեց բանակցային սեղանի շուրջ:
Հիմա այլ գործընթացներ են: Ղարաբաղյան կարգավորում է մտել Թուրքիան, եւ գործընթացից դուրս է մղվել Ադրբեջանը: Փաստորեն, բանակցությունն ընթանում է Հայաստան-Թուրքիա մակարդակով, ընդ որում, հատկանշական է, որ Թուրքիայի հետ հայաստանի նախագահի պաշտոնում խոսում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի շտաբի պետը: Եւ հիմա արդեն Ղարաբաղը կարող է խոսել այն մասին, որ չի ցանկանում բանակցել Ադրբեջանի հետ, նախընտրելով Թուրքիան:
Կհրավիրի՞ արդյոք Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահին Թուրքիայի վարչապետի պաշտոնին:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Tuesday, January 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment