Wednesday, January 13, 2010

ՀՀ Մշակույթի նախարարն անթույլատրելի է համարում թուրք գործընկերոջ հայտարարությունը

Panorama.am. 13-1-2010- «Այս փուլում, երբ ամեն ինչ արվում է, որ հարաբերությունները բնականոն իրենց հունով զարգանան, այդ կարգի հայտարարությունները չեն կարող օգուտ բերել: Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է նման հայտարարություններ անել»,- այսօր «Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսպես է արձագանքել օրերս թուրքական լրավտամիջոցների տարածած այն տեղեկատվության առթիվ, ըստ որի` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար ու գմբեթին խաչ չի տեղադրվելու: Աղբյուրի հաղորդմամբ, նախարարն ափսոսանք է հայտնել թուրք գործընկերոջ հայտարարության առթիվ, և նշել, որ երբ դիվանագիտական հարաբերություններ չկան, հայկական կողմը որևէ ձևով ազդել չի կարող այդ որոշման վրա, բայց այն հակասում է ընդհանուր գործընթացին և այն խնդիրներին, որոնց միտված է երկու երկրների քաղաքակունությունը: «Եթե նման որոշում է կայացվել, մնում է միայն ափսոսալ: Մշակույթն իր ճանապարհը միշտ գտնում է, հասարակական մակարդակով հարաբերությունները զարգանում են, բայց պետական մակարդակով կարելի է միջպետական կարևորագույն խնդիրներ լուծել, որը դեռևս իրականություն չի դառնում, թեև տարբեր ճանապարհներով, հասարակական դաշտի միջոցով փորձ է արվում այդ հարթության վրա համագործակցությունը պահել»,- ասել է Հասմիկ Պողոսյանը` միևնույն ժամանկ նշելով, որ իր ձեռքի տակ որևէ փաստաթուղթ չկա, որը կհաստատի Թուրքիայի իր պաշտոնակցի հայտարարությունը: Հիշեցնենք, որ տեղեկություն տարածել էր թուրքական «Միլիեթ» թերթը: Թերթի էլեկտրոնային կայքի հաղորդմամբ` թուրք նախարարն այդ հայտարարությունն արել է ի պատասխան «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Վանից ընտրված պատգամավոր Օզդալ Ուչերի այն հարցադրման, թե ինչ աշխատանքներ են տարվում Սուրբ Խաչի գմբեթին խաչ տեղադրելու և եկեղեցին վերաբացելու ուղղությամբ: Թուրքական թերթի հաղորդմամբ, Է.Գյունայը նշել է, որ եկեղեցին համարվում է նախարարությանը կից թանգարան և շարունակելու է գործել բացառապես զբոսաշրջային այցելությունների նպատակով: Իսկ ավելի վաղ Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն հավաստիացնում էր, թե 2010 թվականին սեպտեմբերի 12-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Նա ընդգծում էր, որ Մշակույթի նախարարության հետ անհրաժեշտ թղթաբանությունն այդ կապակցությամբ արդեն արված է: Նշենք, որ Աղթամար կղզու վերանորոգված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 29-ին: Այդ օրվանից Սուրբ Խաչ եկեղեցին գործում է որպես թանգարան:

No comments: