Wednesday, January 13, 2010

Ռաիլ Ռզաևի սպանության հետքերը տանում են դեպի ԱԻՆ

Aysor.am,12-1-2010- Երեկ Ադրբեջանի ծանր հանցագործությունների գծով դատարանում սկսվել է գիտությունների ակադեմիայի նախկին աշխատակից Միրսեյֆեդդին Մամեդովի դատավարությունը: Նա մեղադրվում է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ Ռաիլ Ռզաևի սպանությունից հետո գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչությանը սուտ տեղեկություններ հայտնելու մեջ: musavat.com-ի համաձայն` Մ. Մամեդովը մեղադրվում է ոճրագործությանը 100-ից ավելի անմեղ մարդկանց մասնակից դարձնելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մասին իր հարևանների հասցեին սուտ տեղեկություններ հայտնելու մեջ: Հատկանշական է, որ բազմաթիվ անգամ բժշկական քննության ենթարկված Մ. Մամեդովը սկզբից ի վեր հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները: Թերթը ենթադրել է, որ գեներալ Ռաիլ Ռզաևի աղմկահարույց սպանությունից անմիջապես հետո Մ. Մամեդովի այդ տարօրինակ տեղեկությունները հետաքննությունը շեղելու և սխալ ուղղությամբ տանելու նպատակ է հետապնդել: Մի շարք փորձագետ-քննիչներ չեն բացառում, որ դեպքից անմիջապես հետո շահագրգիռ ուժերը Մ. Մամեդովին հարկադրել են ինքնակամ ցուցմունքներ տալ` դրանով հետաքննությունը հիմնական ուղուց շեղելու համար: «Հնարավոր է, որ նախկինում Մ. Մամեդովը այնպիսի հանցագործություն է կատարել, որ դարձել է դրա պատանդը: Շահագրգիռ շրջանակներն էլ օգտվել են դրանից և հարկադրել նրան նման քայլի»,- հավանական են համարել փորձագետները: Թերթը չի բացառել նաև, որ գեներալը սպանվել է արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի հետ վիճաբանելու համար: «Սպանությունից որոշ ժամանակ առաջ գեներալ Ռ. Ռզաևը հրամայել էր իջեցնել օդային տարածքը խախտած «արտակարգ նախարարին» և նրա մերձավորներին փոխադրող ուղղաթիռը: Բացի այդ, Ռ. Ռզաևը շինարարական բիզնեսում մասնաբաժին է ունեցել և հաշվետվություն չի ներկայացրել այդ բիզնեսը մենաշնորհած «արտակարգ նախարարին»: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ նախարարությունների նման, հարկերի նախարարությունն էլ է գտնվում Քեմալադդին Հեյդարովի «տանիքի» տակ: Իսկ Մ. Մամեդովի վերջին աշխատատեղը եղել է հենց այդ նախարարությունը, ինչն էլ խոսում է այն մասին, որ գեներալի սպանության հետքերը տանում են արտակարգ իրավիճակների նախարարություն»,-եզրահանգել է musavat.com-ը:

No comments: