Wednesday, January 27, 2010

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 27-1-2010- Խորհրդարանի Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանի հետ հունվարի 27-ին հյուրընկալվելով Հայելի ակումբին, հանդես է եկել ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերության մեխանիկայի մասին իր պատկերացումները բարձրաձայնելով: Վարդան Բոստանջյանը հայտարարել է, թե բնական է, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, քանի որ ընդդիմություն-իշխանություն պայքարի մեխանիկան ենթադրում է, որ մեկը պետք է ամեն ինչ ասի վատ է, մյուսը ասի` լավ է: Արձագանքելով իշխանության քաղաքականության հասցեին Բագրատ Ասատրյանի քննադատությանը, Վարդան Բոստանջյանը նշել է, թե խնդիրը “հասարակության տեսակն է, որը մենք ենք, ոչ թե ինչ որ իշխանություններ են”: Բոստանջյանի կարծիքով, մեզանով է պայմանավորված իրավիճակը, ոչ թե 1-10 մարդով: ԲՀԿ ներկայացուցիչը համարում է, որ ընդդիմությունը անհրաժեշտ է: Ըստ Բոստանջյանի, այն կարող է լինել թույլ, կարող է լինել ուժեղ: Նա կարծում է, որ եթե ընդդիմությունը թույլ է, ապա ասում է, որ ամեն ինչ վատ է: “Իսկ եթե ուժեղ է, ապա մենք էլ ենք ուրախանում”, ասում է Վարդան Բոստանջյանը: Նրա կարծիքով, այն մարդիկ, ովքեր կարողանում են հիմնավորված ցույց տալ ճիշտ ճանապարհը, թող չկասկածեն, որ իշխանությունը դա հաշվի է առնում եւ իրագործում: Բոստանջյանի կարծիքով, խնդիրն այն է, թե ինչքան արագ կամ դանդաղ է դա լինում: “Դա էլ կոչվում է կառավարման որակ”, հայտարարում է ԲՀԿ ներկայացուցիչը:

No comments: