Wednesday, January 13, 2010

Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հակամարտության հետ

/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, բայց Մոսկվայի ամենալավ հարաբերությունները Երեւանի հետ են: Երկու երկրներն էլ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, դա յուրահատուկ կարգավիճակ է կողմերի միջեւ, քանի որ Հարավային Կովկասի ոչ մի այլ երկիր ՀԱՊԿ անդամ չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Ֆելիքս Ստանեւսկին: Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչապետների առաջիկա հանդիպմանը Մոսկվայում եւ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Երեւանում` Ստանեւսկին ասաց. «Նման հանդիպումների ժամանակ խոսակցությունները հիմնականում գաղտնի կերպով են ընթանում եւ մենք իմանում ենք այն, ինչ հանդիպման մասնակիցները կցանկանան հայտնել»,- նշեց Ստանեւսկին` ավելացնելով, որ, ամենայն հավանականությամբ, Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում տարածաշրջանի հետ կապված հարցերը կքննարկվեն, քանի որ Անկարան հետաքրքրված է Հարավային Կովկասի խնդիրներով: Ընդ որում, նա մեկնաբանեց նաեւ Ռուսաստանին ուղղված թուրքական կողմից խնդրանքը` ավելի ակտիվ լինել ԼԵռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` ասելով, որ այդ հարցում Մոսկվայի հանդեպ Անկարայի հետաքրքրությունը միանգամայն նորմալ է, քանի որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Նա նկատեց նաեւ, որ ի տարբերություն Թուրքիայի Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հակամարտության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը: 1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 1992թ. մայիսի 15-ին Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը Տաշքենդում հավաքական անվտանգության մասին պայմանագիր ստորագրեցին (ՀԱՊ): Ադրբեջանը պայմանագիրը ստորագրեց 1993թ. սեպտեմբերի 24-ին, Վրաստանը` 1993թ. սեպտեմբերի 9-ին, Բելառուսը` 1993թ. դեկտեմբերի 31-ին: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին: ՀԱՊԿ անդամ երկրներ են` Հայաստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Բելառուսի Հանրապետությունը (1993թ. դեկտեմբերի 31-ից), Ղազախստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ղրղզստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ռուսաստանի Դաշնությունը (1992թ. մայիսի 15-ից), Թաջիկստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ուզբեկստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից մինչեւ 1999թ. ապրիլի 2 եւ 2006թ. օգոստոսի 16-ից):

No comments: