Wednesday, January 13, 2010

Փորձագետ. Հայ-թուրքական արձանագրությունները իրավական հարթությունից քոչեցին քաղաքական հարթություն

News.am. 12-1-2010- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որ այսօր հավանության արժանացան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից, ուղարկվելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննարկմանը: Համաձայն ընթացակարգի՝ երբ փաստաթղթերը ստանան նաեւ երկրի ղեկավարի հավանությունը, դրանք կուղարկվեն Հայաստանի խորհրդարան՝ վավերացվելու: Խորհրդարանի ձմեռային նստաշրջանը սկսվելու է փետրվարի 1-ին, եւ, սպասվում է, հենց այդ ժամանակ էլ արձանագրությունները կմտնեն օրենսդիր մարմնի օրակարգ: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ փաստաթղթերի վավերացման համար խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի, սակայն իրադարձությունների նման ընթացքը, փորձագետների կարծիքով, քիչ հավանական է: Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե սպասում է արձանագրությունների վավերացմանը թուրքական խորհրդարանի կողմից՝ ողջամիտ ժամկետներում: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում հայկական կողմն անհապաղ կօգտվի միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունից: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Գեւորգյանը, հայ-թուրքական արձանագրություններն այսուհետ «իրավականից քաղաքական հարթություն են քոչել»: «Կան բոլոր հիմքերը կարծելու, որ նախագահը բավական արագ կքննարկի փաստաթղթերն ու կուղարկի խորհրդարան: Ինչպես հայտնել են հայ խորհրդարանականները, արձանագրությունները կվավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից, միայն երբ դա անեն իրենց թուրք գործընկերները: Դրա հետ մեկտեղ, չեմ բացառում, որ Երեւանը, այս կամ այն հանգամանքի ազդեցության տակ արագացնի գործընթացն ու առաջինն ընդունի արձանագրությունները: Ցանկացած դեպքում մենք հնարավորություն ստացանք գնահատել ուժերի հարաբերակցությունը Հայաստանի խորհրդարանում: Նման պատմական փաստաթղթեր հայ պատգամավորների քննարկմանը ներկայացվում են առաջին անգամ: Պատասխանատվությունը բարձր է: ՀՅԴ-ն եւ „Ժառանգությունը“ փորձում են իրենց շուրջ համախմբել խորհրդարանական ուժերը: Այդ խնդիրը, իհարկե, անհույս գործ է եւ կախված է իշխանության կուսակցության եւ անձամբ Սերժ Սարգսյանի դիրքորոշման ամրությունից: Ինտրիգը հասունանում է»,- նշել է Գեւորգյանը:

No comments: