Thursday, January 14, 2010

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման մասին դեռ խոսք լինել չի կարող

News.am. 13-1-2010- Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ-որ իմաստ ունենա, կարեւոր է հաշվի առնել ողջ տարածաշրջանի շահերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ Լոնդոնում կայացած համատեղ ասուլիսում, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: Դավութօղլուի խոսքով, գործընթացը չի կարող իմաստ ունենալ, երբ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսն օկուպացված է Հայաստանի կողմից»: Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման մասին էլ, ըստ նախարարի, խոսք լինել չի կարող. «Իմաստ չունի խաղաղության հասնել տարածաշրջանում, երբ առկա է Հայաստանի կողմից նման ագրեսիա»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ վերջին յոթ տարիներին Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Դավութօղլուն նշել է նաեւ, թե Թուրքիան ձգտում է հասնել նրան, որ մի օր հնարավոր լինի մեքենայով Բաքվից գնալ Ղարաբաղ, Նախիջեւան, Երեւան եւ հասնել մինչեւ Կարս:

No comments: