Wednesday, January 27, 2010

ՄԱՔՈՒՐ ՍՐՏՈՎ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ

«Լրագիր» 27-1-2010- Հայաստանն անցած տարվա ընթացքում գրեթե եռապատկել է արտաքին պարտքը, այն հասցնելով ավելի քան 3 միլիարդ դոլարի, ինչը ծանրանալու է ապագա սերունդների վրա, ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա նշել է, թե այդ պարտքի բեռը իշխանության վրա չի ընկնելու, քանի որ “իշխանությունն ապագա չունի, որովհետեւ ներկա էլ չունի”: Բագրատ Ասատրյանը նույնիսկ հայտարարել է, թե պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ արգելվի որեւէ իշխանության արտաքին պարտքի այդպիսի ավելացման քայլեր անելը: Բագրատ Ասատրյանն ի դեպ այդ նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ է արել խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանին: Վարդան Բոստանջյանը արտաքին պարտքի մեծ ծավալին հանգիստ է վերաբերում, ասելով, որ եթե տնտեսական զարգացումը ընթանա իր հունով, ապա Հայաստանը կկարողանա սպասարկել այդ պարտքը: Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ ինքը լավատես է եւ կարծում է, որ տնտեսությունը զարգանում է եւ 2010 թվականին աճ է լինելու: Ի դեպ, ի պատասխան Բագրատ Ասատրյանի այն պնդման, թե արտաքին պարտքը պետությունը կուտակում է եւ դնում ապագա սերնդի ուսերին, բայց դրանից օգտվում են մի քանի անհատներ միայն, Վարդան Բոստանջյանը ասել է. “Բայց կարող է իրանք այդ բանը մաքուր սրտով են անում”: “Մաքուր սրտով են անում, բայց կեղտոտ ձեռքերով”, նույն ոճով պատասխանել է Բագրատ Ասատրյանը: Նա ի դեպ նշել է, թե կառավարությունն օրինակ չգիտես ինչու այս սուղ պայմաններում որոշել էր, որ Երեւանի փողոցները գիշերը մինչեւ ժամը 2-ը պետք է լուսավորվեն, ինչի համար հատկացվել է 1 միլիարդ դրամ: Նշելով, թե ինքը Երեւանը շատ է սիրում, Բագրատ Ասատրյանը այդուամենայնիվ կասկածել է այդ որոշման եւ այդ ծախսի ողջամիտ լինելուն եւ ասել, թե կարող էին դրսից պարտք վերցնելու փոխարեն օրինակ խնայել Երեւանի լուսավորության ծախսը: Բագրատ Ասատրյանը նշել է նաեւ ռուսական վարկի մասին, ասելով, որ դա փաստացի ամենաթանկ վարկն է, որ Հայաստանը վերցնում է անկախությունից ի վեր:

No comments: