Wednesday, January 27, 2010

Թուրքիան սկսում է իրավաբանական խորհրդակցություններ ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ

Tert.am. 27-1-2010- Թուրքիան Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ ցանկանում է ստանալ իրավական երաշխիքներ: Այդ նպատակով պաշտոնական Անկարան սկսում է իրավաբանական խորհրդակցություններ: Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` Անկարան ցանկանում է այդ խորհրդակցությունների մասնակից դարձնել նաև Միացյալ Նահանգներին և հայ-թուրքական բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Շվեյցարիային: Ըստ պարբերականի` հակառակ Երևանի այն ուղերձին, թե ՍԴ-ի որոշումն ազդեցություն չի ունենա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, Անկարան համառում է այդ մոտեցումը իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով ամրագրելու հարցում: «Զաման»-ի հարցազրույցում որոշ թուրք դիվանագետներ, որոնց անունները չեն նշվում, անդրադառնալով հարցի առնչությամբ պաշտոնական Երևանի այն հայտարարությանը, թե ՍԴ-ի որոշումն ազդեցություն չի գործի Արձանագրություններում նախապես համաձայնեցված դրույթների վրա, անում են հետևյալ եզրահանգումը. «Եթե հայկական վարչակազմը նման կարծիքի է, թող չխուսափի այդ ամենը գրավոր ամրագրելուց»: Թերթը նշում է նաև, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ընդգրկված բոլոր կողմերին արդեն իրազեկել է, թե որևէ քայլ չի անի Արձանագրությունների վավերացման ուղղությամբ առանց գրավոր երաշխիքներ ստանալու: Անկարան իրավաբանական խորհրդակցությունների մասին տեղյակ է պահելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Հայաստանի ՍԴ-ն Արձանագրությունները ճանաչեց սահմանադրական, պաշտոնական Անկարան այդ որոշման մեջ «գտավ» «սահմանափակող դրույթներ և նախապայմաններ» և հայտարարեց, թե ՀՀ ՍԴ-ի որոշումը «հակասում է Արձանագրությունների տառին և ոգուն և խարխլում ողջ բանակցային գործընթացը»:

No comments: