Tuesday, January 19, 2010

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկվի որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն. ռուսաստանցի փորձագետ

Tert.am. 18-1-2010- Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորում ասելով նկատի ունենք ոչ թե գործընթացը, այլ արդյունքը, ապա ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող ազդել կարգավորման վրա: Այս մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իսկ եթե նկատի ունենք գործընթացը, ապա ամեն ինչ այս կյանքում փոխկապակցված է: Դա չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- հայտարարել է Իսկանդարյանը: Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը համաձայնել է հայ քաղաքագետի հետ` հավելելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները տարրական ձևով ազդում են ղարաբաղյան հակամարտության վրա: Նրա խոսքով` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի, ինչպես նաև դեսպանատների բացումը այս հարցում թուլացնում է Բաքվի դիրքերը: Մյուս կողմից. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը ավելի զիջող կդարձնի Երևանին: Դա չի նշանակում, որ Երևանը պատրաստ կլինի հանձնել Ղարաբաղը: Սակայն որոշ հարցերում փոխզիջումների գնալը մի շարք հարցերում շահելու համար, շատ հավանական է: Սա, իհարկե, ապագայում»: «Ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ պետք է դիտարկվի որպես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտություն»,- նշեց մոսկովյան տաղավարի հյուր, Ռուսաստանի ԳԱ Կովկասի ինստիտուտի Էթնոլոգիայի և մարդաբանության բաժնի ղեկավար Սերգեյ Արուտյունովը: Նրա խոսքերով` Հայաստանը չպետք է դիտվի որպես Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ընթացող հակամարտության անմիջական մասնակից, ինչպես Վրաստանի և Հարավային Օսիայի դեպքում, «որը ձգտում էր առանձնանալ Ղարաբաղի առանձնացման պատճառներին համանման պատճառներով»: «Ռուսաստանը պարզապես եկավ Հարավային Օսիային օգնության, երբ այն գտնվում էր ցեղասպանության սպառնալիքի տակ: Կարծում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը նույնպես ցեղասպանության սպառնալիքի տակ էր, երբ Հայաստանը եկավ նրան օգնության»,- եզրափակել է Արուտյունովը:

No comments: