Monday, January 18, 2010

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ Է

«Լրագիր» 18-1-2010- Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը հունվարի 18-ին Հայացք ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի գործող գներին եւ գնագոյացմանը, ասելով, թե շատ առումներով ինքը զարմանում է առկա իրավիճակից: Օրինակ, Հրանտ Բագրատյանը զարմանում է, թե ինչպես Հայաստանում խմելու մեկ խորանարդ մետր ջուրն արժե 182 դրամ, իսկ Կիեւում 83 դրամ, Բաքվում` ավելի էժան: Դա այն դեպքում, երբ Հայաստանում է գոյանում ամբողջ Կովկասի ռեգիոնում լեռներում գոյացող խմելու ջրի 21 միլիարդ պաշարից 8 միլիարդը: Հրանտ Բագրատյանն այդ կերպ զարմանում է նաեւ, թե ինչպես է Հայաստանում էլեկտրաէներգիան ավելի թանկ, քան Կիեւում, եւ դա այն դեպքում, երբ Ուկրաինան Ռուսաստանից գազը կրկնակի թանկ է գնում, քան Հայաստանը: Հայաստանի նախկին վարչապետը զարմանում է նաեւ այն հանգամանքից, որ Հայռուսգազարդը ցանկանում է հայտ ներկայացնել Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, որ գազի գինը բարձրացվի: Հրանտ Բագրատյանը հարց է տալիս, թե եթե ռուսական գազն այդքան թանկ է, այդ դեպքում ինչու կառուցվեց իրանական գազամուղը: Չէ որ Իրանն ավելի էժան գազ է տալիս, չէ որ դա կառուցվեց որպես այլընտրանքային գազամուղ, ասում է Հրանտ Բագրատյանը եւ հարցնում, թե ինչու օրինակ Հայռուսգազարդին չեն հանձնարարում, որ գնի իրանական գազը: Հրանտ Բագրատյանը զարմանում է նաեւ, թե ինչպես է կառավարությունը Հայռուսգազարդին հատկացնում Ռուսաստանից վերցրած 500 միլիոն դոլար վարկի 40 միլիոնը: “Ռուսական պետությունից վարկ են վերցնում, տալիս են ռուսական պետությանը: Խելքի նայեցեք”, ասում է Հրանտ Բագրատյանը:

No comments: