Tuesday, January 19, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ -Տարածաշրջան ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա` հանդիպելու Մեդվեդեւի հետ: Հունվարի վերջին էլ սպասվում է Ալիեւ-Սարգսյան հերթական հանդիպումը: ԼՂ խնդրում այս ակտիվությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: -Իրականանում են մեր բոլոր կանխատեսումները: Դեռեւս 2008թ. սեպտեմբերի 17-ի մեր հանրահավաքի ժամանակ իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խոստում է տվել գնալ փաթեթային լուծման, այսինքն` մեկ փաթեթով լուծելու է եւ ԼՂ խնդիրը, եւ հայ-թուրքական խնդիրը: Իշխանությունների բոլոր հավաստիացումները, թե այդ խնդիրները միմյանց հետ կապված չեն, որեւէ արժեք չունեն: Ինչպես նաեւ չունեն արժեք այն հայտարարությունները, որ մենք լսեցինք ԱՄՆ-ի եւ ՌԴ ղեկավարների կողմից, թե այդ երկու հարցերը պետք չէ կապել իրար հետ: Ակնհայտ է, որ սահմանը բացողը եւ դիվանագիտական հարաբերություն հաստատողը Թուրքիան է, որը միանշանակ իրար հետ է կապում այս գործընթացները: Եվ քանի որ որեւէ ճնշում Թուրքիայի վրա չի գործադրվում` հաշվի առնելով նրա քաղաքական կշիռը, ուրեմն այդ հարցերը փոխկապակցված են: Իսկ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հայտարարություններն ընդամենը նպատակ են հետապնդում փրկելու Հայաստանի իշխանությունների դեմքը: -Իսկ ի՞նչ նպատակով են նրանք ցանկանում փրկել Հայաստանի իշխանությունների դեմքը: -Իշխանությունները միշտ խաբել ու մոլորության մեջ են գցել ժողովրդին, թե այդ խնդիրներն իրար հետ կապված չեն, բայց քանի որ նրանք գնում են այդ քայլին, զուտ քարոզչական առումով պետք է ունենան միջազգային հանրության աջակցությունը: Դրա համար էլ Պուտինն ու Օբաման նման հայտարարություններ են անում: Մինչդեռ, ակնհայտ է, որ այդ խնդիրներն իրար հետ կապված են, ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն առաջացրել է սրընթաց պրոցես ԼՂ խնդրում, ակնհայտ է, որ ամբողջ միջազգային ճնշումը հենց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, ուղղվել է ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ: -ՀՀԿ-ն պնդում է, որ Թուրքիայի այդ հայտարարություններն ուղղված են միջազգային հանրությունից այլ հարցերի շուրջ զիջումներ կորզելուն: Այսինքն` այդ հայտարարություններն անում են այլ հարցեր լուծելու համար, իսկ միջազգային հանրությունն ունի բավական լծակներ` Թուրքիային ստիպելու, որպեսզի առանց ԼՂ խնդրի լուծվեն հայ-թուրքական հարաբերությունները: -Հանրապետականների այս հայտարարություններին ընդհանրապես պետք չի լուրջ վերաբերվել, առավել եւս, որ դեկտեմբերին արդեն նրանք ձախողվեցին իրենց կանխատեսումների մեջ, երբ հայտարարում էին, թե Էրդողանի այցը Վաշինգտոն չի կայանա, եթե թուրքերը չվավերացնեն արձանագրությունները: Նման անլուրջ փաստարկները մենք ոնց կարող ենք ընդունել, երբ տառացիորեն մեկ ամիս առաջ տապալվել են իրենց կանխատեսումների եւ հիմնավորումների մեջ: Նրանց կանխատեսումներին կարող է հավատալ միայն հիմարը: -Նրանք էլ Կոնգրեսին էին մեղադրում կանխատեսումների ձախողման մեջ, որ հայտարարում են, թե շատ շուտով կլուծվի ԼՂ հարցը, կստորագրվի համաձայնագիր, բայց դեռեւս որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: -Քիչ մնաց, եկեք սպասենք, եւ կտեսնենք: -Այսինքն` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջիկա հանդիպումը ինչ-որ բեկո՞ւմ կունենա: -Իսկ ոնց կարող են իրենք հիմնավորել իրենց փաստարկները: Հայ-թուրքական արձանագրություններին հետեւեցին ճնշումներ ԼՂ խնդրում: Ամեն ինչ ընթանում է ըստ մեր կանխատեսումների: Իսկ իրենց կանխատեսումներն արդեն հերքվել են, ես այդ մասին արդեն ասացի: -ԼՂ խնդրում համաձայնագրի ստորագրումը դուք ինքներդ ակնկալում եք մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացո՞ւմը, թե դրանից հետո: -Ավելի պարզ, ավելի հետեւողական ու ավելի սիսիտեմատիկ, քան Թուրքիան արդեն խոսել է այդ հարցի մասին, դժվար է պատկերացնելը: Արդեն տասնյակ հայտարարություններ են արվել Թուրքիայի կողմից, որոնք տարամեկնաբանման տեղ չեն թողնում: Թուրքիան հայտարարել է, որ արձանագրությունները չեն վավերացվի, մինչեւ չլուծվի ԼՂ հարցը: Այսինքն` ակնհայտ է, կամ լուծվելու է ԼՂ խնդիրը, կամ ընդհանրապես սառեցվելու է այդ գործընթացը: Եթե Հայաստանի այս ապաշնորհ իշխանություններն այնքան թեթեւամիտ են, որ հավատացել են, թե այս պրոցեսներն իրարից կարելի է անջատել, ապա մեզ մնում է միայն ողբալ, թե ով է այսօր ղեկավարում Հայաստանը: Բայց ես վստահ եմ, որ իրենք միամիտ չեն եղել, հասկանում են, թե ինչ փաթեթ են իրականացնում եւ հիմա զբաղվում են ժողովրդին խաբելով: -Այսինքն, ՀՀ իշխանությունները, հանրապետականներն իրենց խոսքերը հիմնավորելու համար հղում են անում գերտերությունների ղեկավարների՞ն: -Ամբողջ աբսուրդը հենց դա է: Հայ-թուրքական պայմանավորվածությունների իրականացնողը Թուրքիան է եւ Հայաստանը: Բայց այն ակնկալիքները, որ ունի հայկական կողմը, պետք է իրականացնի Թուրքիան` անկախ նրանից, թե ով ինչ է խոսում: Իսկ Թուրքիան շատ հստակ ներկայացնում է, թե ինքն ինչպես է իրար հետ կապում հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ խնդիրը: Աբսուրդ է ապավինել միջազգային հանրության, անգամ գերտերությունների տված մեկնաբանություններին. եթե արձանագրությունները վավերացնողը Թուրքիան է, եւ նա շատ հստակ դիրքորոշում ունի այդ հարցում, ապա Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները ոչ մի կոպեկի արժեք չունեն: Կապված են այդ պրոցեսները, թե ոչ, որոշում է Թուրքիան, իսկ Թուրքիան այդ որոշումն արդեն կայացրել է: -Իսկ միջազգային հանրությունը թույլ կտա՞ Թուրքիային նման դիրքորոշում ունենալ: -Եթե իշխանություններին թվում էր, թե միջազգային հանրությունը կարող է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, ապա սխալվում են, սա միամիտ հաշվարկ է. ակնհայտ է, որ այսօր Թուրքիան ԱՄՆ-ի համար ունի նույնքան կարեւորություն, որքան ԱՄՆ-ը Թուրքիայի համար: ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Միջին Արեւելքում` իսլամական աշխարհի հետ, եւ Թուրքիայի հետ դաշնակցությունը նրանց անվտանգության համար առանցքային գործոն է, հատկապես այն անհաջողությունների ֆոնի վրա, որ ԱՄՆ-ը կրում է Իրաքում եւ Աֆղանստանում: Նրանց օդի պես պետք է Թուրքիայի աջակցությունը: Ուստի` ԱՄՆ-ը չի ցանկանա որեւէ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այդ պարզ բանը կարելի էր վաղուց հասկանալ: Նույնը նաեւ վերաբերում է Ռուսաստանին. նա չունի ոչ մի մոտիվ` այս հարցում Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար: Ընդհակառակը, ՌԴ-ն, ի դեմս Թուրքիայի, տեսնում է մի պետության, որի հետ նա ընդհանուր նպատակների իրագործման խնդիր է դրել: Եվ ցավոք սրտի, այդ խնդիրների իրականացման համար հարկավոր են ճնշումներ Հայաստանի իշխանությունների վրա: Այս պարզ բաներն է, որ իշխանությունները չեն հասկանում: Եվ իշխանությունների, ՀՀԿ-ականների այս անիմաստ հայտարարությունները տգիտության արդյունք է: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ «Լրագիր» 19-1-2010

No comments: