Saturday, February 20, 2010

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար Անկարան շանտաժի է դիմում

/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացրեց Անկարայի անհանգստությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առնչությամբ: Ինչպես գրում է թուրքական Radikal թերթը, Թեհրանից վերադառնալով Անկարա, Ահմետ Դավութօղլուն զանգահարեց Քլինթոնին ու ներկայացրեց Իրան կատարած այցի արդյունքները եւ, օգտվելով առիթից, հայտնեց, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է լուրջ վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: