«ԱԶԳ», 26-02-2010- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները ինքնին մի խնդիր են, բայց դրանց առիթով շատ այլ հարցերի անդրադարձների հաճախակիության մեծացումը յուրօրինակ դինամիկա ունի: Արձանագրությունների մասին երկու խոսք ասելով` թուրք ու ադրբեջանցի գործիչներն ավելի շատ անդրադառնում են Հայաստանին առնչվող տարբեր հարցերի, դատողություններ անում, այնպիսի եռանդով են քննադատում հայկական իրողությունները, կարծես ժողովրդավարության ու զարգացման սեփական օրինակներով աշխարհին են սովորեցնում, Հայաստանն էլ` այդ թվում:
«Հայաստան եւ Ադրբեջան ԵԱՀԿ գործող նախագահ Ղազախստանի ԱԳ նախարարի այցելության ժամանակ քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում Ղազախստանի մասնակցության հարցը», հետաքրքրական տեղեկություն է հաղորդել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Ալահադդին Բյույուքայան ` ադրբեջանական քարոզչամեքենայի ամենահնազանդ պտուտակներից մեկը հանդիսացող «Դեյ.ազ» գործակալությանը տված հարցազրույցում:
Ըստ թուրք խորհրդարանականի, Մինսկի խմբի աշխատանքներում որեւէ նոր երկրի մասնակցության համար անհրաժեշտ է փոփոխել խմբի ձեւաչափը` կամ ավելացնել համանախագահ երկրների թիվը, կամ փոխել նրանց, իսկ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ նախարարների կոմիտեում:
Խոսելով հայ-թուրքական արձանագրություններից` Բյույուքայան կրկին հաստատել է Թուրքիայի մոտեցումը, թե արձանագրությունների թուրքական խորհրդարանում չհայտնվելը կապված է ղարաբաղյան հարցում թուրքական դիրքորոշման հետ:
Թուրք պատգամավորն ամենայն հավանականությամբ իրականության հստակ զգացում չունի, քանի որ հայտարարել է. «Մենք հայկական կողմին զիջումներ ենք արել ու հայտարարել ենք, որ հինգ շրջանների վերադարձման դեպքում կվավերացնենք արձանագրությունները եւ կսկսենք սահմանի բացման գործընթացը: Հայկական կողմը սրան զգուշավոր է մոտենում: Երեւանն ասում է. նախ թող Թուրքիան վավերացնի արձանագրությունները, հետո մենք կմտածենք հինգ շրջաններ վերադարձնելու մասին»:
Զարմանալ կարելի է թուրքական դիվանագիտության «անոսկոր» դրսեւորումների առումով, երբ մի կողմից հայտարարում են, թե նախապայմաններ չկան, մյուս կողմից բացահայտորեն նշում են այդ մասին, մի երրորդ տարբերակով էլ բարեողջույններ ու խնդակցություն են հայտնում հայկական կողմի դրական «մեսիջներին»:
Բյույուքայան հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է տարածաշրջանում խաղաղապահ գործընթացներին Թուրքիայի մասնակցությանը, որն էլ թուրք խորհրդարանականը, ինքն իրեն հավատալով, մեկնաբանում է այնպես, թե Թուրքիայի համար դա նախադրյալ է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման գործընթացում Թուրքիայի մասնակցության համար»:
Իսկ թե ինչ է սպասում Բյույուքայան թուրք վարչապետ Էրդողանի` ապրիլին կայանալիք ԱՄՆ այցելությունից, պատգամավորը նշել է, թե Բարաք Օբաման կարող է ճնշում գործադրել թուրք վարչապետի վրա` արձանագրությունների վավերացման, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման, ցեղասպանության ճանաչման հարցերում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Saturday, February 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

  Tehran Time
  Yerevan Time

No comments:
Post a Comment