
/PanARMENIAN.Net/ 26.02.2010 - Ադրբեջանի հայերի համար Սումգայիթի իրադարձությունները ջրբաժան են անցյալի եւ ապագայի միջեւ: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ադրբեջանի հայերի վեհաժողով» ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Այվազյանը:
 Նրա խոսքերի համաձայն, այդ իրադարձությունները ցույց են տվել, որ հայերն ու ադրբեջանցիները մեկ պետության սահմաններում չեն կարող խաղաղ ապրել: «1988 թ. Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն անկախության ու ազատության համար, այլեւ պայքար էր կյանքի եւ մահու», - ասել է Այվազյանը:
Սումգայիթի դեպքերին անդրադառնալով, Այվազյանն ասել է. «Բավական չէ, որ մենք լռում ենք իրականում եղածի մասին, իսկ Ադրբեջանն իր սուտը քարոզում է ողջ աշխարհով մեկ` կեղծելով պատմական իրադարձությունները, իրեն էլ ներկայացնելով որպես զոհ»: Ընդ որում, նա ընդգծել է, որ Սումգայիթում պետական մակարդակով հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն էր կազմակերպված:
«Ադրբեջանն ուզում է «Խոջալուի դեպքերը» համարժեք դարձնել Սումգայիթի դեպքերին եւ միջազգային հասարակայնության ուշադրությունը շեղել սեփական հանցագործ քաղաքականությունից», - ասել է Այվազյանը, ավելացնելով, որ վեհաժողովը անուշադրության չի մատնի այդ հանցագործությունը:
Հայ ազգաբնակչության ջարդեր տեղի ունեցան Սումգայիթում 1988թ. փետրվարի 26-29-ը: Դրանք ազգային բռնության առաջին բռնկումը դարձան նորագույն խորհրդային պատմության մեջ: Սումգայիթի ջարդերը տեւեցին երեք օր եւ ուղղորդվեցին զանգվածային բռնություններով, թալանով ու սպանություններով: Սումգայիթյան իրադարձություններն ազդանշան էին Ադրբեջանում հերթական, իր մասշտաբներով աննախադեպ հակահայկական հետապնդումների ու բռնությունների, նոր ցեղասպանության ալիքի առաջացման: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի ու Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ բնակչությունը: Դա փախստականների մեծ հոսք առաջացրեց Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան: 
 
No comments:
Post a Comment