Wednesday, February 10, 2010

ԱՄՆ-ը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

News.am. 10-2-2010- ԱՄՆ եւ նրա դաշնակիցները Իրանի դեմ «երկարաժամկետ պատժամիջոցների ռեժիմ» են մշակում, որոնք կլինեն միջազգային հանրության միակ պատասխանը Իրանի քայլին, որով վերջինս որոշել է շարունակել իր միջուկային ծրագիրը: Այս մասին փետրվարի 9-ին, հանդես գալով Վաշինգթոնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա վստահություն է հայտնել, որ Թեհրանը աշխատում է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Գոհունակություն հայտնելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ, կապված Իրանի դեմ պատժամիջոցների հետ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես այս ամենին կարձագանքի Չինաստանը: «Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպես իրեն կպահի Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ մենք այնտեղ բարձրացնենք պատժամիջոցների հարցը»,- Օբամայի խոսքերն է մեջբերել BBC-ին: Միաժամանակ Օբաման ընդգծել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների մշակումը ամբողջ թափով առաջ է գնում եւ կավարտվի մոտակա շաբաթներին: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Իրանը սկսել է ուրանի մինչեւ 20 տոկոսով հարստացման ինքնուրույն գործունեություն ծավալել Նեթենզե քաղաքում: Դրանից երկու օր առաջ, լազերային տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանձնարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին՝ սկսել ուրանի հարստացման աշխատանքները:

No comments: