Wednesday, February 10, 2010

ՈՂՋՈՒՅՆ, ԹԵ ՀԵԳՆԱՆՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁԵՎՈՎ

«Լրագիր» 10-2-2010- Սերժ Սարգսյանի օդային ուղերձին, որն ուղղված էր Աբդուլլահ Գյուլին, Թուրքիայից առաջինը պատասխանել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Սերբիայի եւ Բոսնիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, Դավութօղլուն ասել է. “Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն Սարգսյանը իր դրական մեսիջն է հղել”: Եթե Հայաստանի իշխանությունը Սերժ Սարգսյանի քայլը փորձում էր ներկայացնել որպես հերթական “նախաձեռնություն”, թուրքերը կարծես թե պարզ ակնարկում են, որ օդային ուղերձը շատ սովորական մի նամակ է, որ գրում են գրեթե բոլոր երկրների ղեկավարները, երբ թռչում են որեւէ երկրի օդային տարածքով: Ասենք, թռչում է Շվեդիայի վարչապետը դեպի Իսպանիա: Դե պետք է չէ օդանավի մեջ նա ինչ որ բանով զբաղվի: Դե երկրի նախագահ է, հո խաղ չի խաղա համակարգչով: Լավագույն զբաղմունքն իր նման ղեկավարներին նամակ գրելն է: Ու Շվեդիայի վարչապետը նամակ է գրում բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնց օդային տարածքով հասնում է Իսպանիա: Դավութօղլուի պատասխանից պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի ուղերձին Աբդուլլահ Գյուլը կպատասխանի այն ժամանակ, երբ թռչի Հայաստանի օդային տարածքով: Թեեւ պետությունների ղեկավարները թերեւս ունեն իրար նամակ գրելու “համեմատաբար ազնիվ” մի քանի տասնյակ տարբերակներ, ու չի բացառվում, որ Գյուլը օգտվի դրանցից մեկից եւ պատասխանի Սերժ Սարգսյանին: Բայց խնդիրն այն է, որ Գյուլը սովորաբար շատ ուշ է պատասխանում Սերժ Սարգսյանին, ու նաեւ կարծես թե պատասխանում է պատերազմից հետո: Համենայն դեպս այդպես էր 2008 թվականին, երբ Թուրքիայի նախագահը հունիսին լսելով ֆուտբոլային հրավերի մասին, միայն օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո սկսեց քիչ թե շատ առարկայորեն խոսել այն ընդունել-չընդունելու մասին, եւ միայն վերջին պահին հայտարարեց ընդունելու որոշման մասին: Բայց դա իհարկե չի նշանակում, որ մինչեւ նոր պատերազմ չլինի, Գյուլը Սերժ Սարգսյանին չի պատասխանի: Ի վերջո, շատ բան փոխվել է արդեն մեր տարածաշրջանում եւ աշխարհում 2008 թվականից հետո: Օրինակ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հերթական ընտրական մրցաշարում հանդիպելու է ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ թուրքերը խաղալու են ադրբեջանցիների հետ: Այսինքն, ամեն ինչ կարծես թե վերադարձել է կամ վերադառնում է “ի շրջանս յուր”: Լոնդոնից վերադառնալու է նաեւ Սերժ Սարգսյանը, հավանաբար կրկին Թուրքիայի օդային տարածքով: Սերժ Սարգսյանին թերեւս արժե եւս մեկ ուղերձ հղել Գյուլին, ու այդ ժամանակ արդեն տեսնենք ինչ է ասելու Դավութօղլուն: Նա այդ ժամանակ չի կարող այդ նշանակալի եւ բավական հմուտ դիվանագիտական քայլին սովորականության տեսք տալ եւ ասել, որ բոլոր նախագահներն էլ անում են այդպիսի բաներ: Հազիվ թե բոլոր նախագահները որեւէ երկրի նախագահին ուղերձ հղեն մեկ այդ երկրի վրայով մի տեղ թռչելիս, մեկ երկու օր անց այդ տեղից վերադառնալիս: Այնպես որ, կա Դավութօլուին եւ Գյուլին անակնկալի բերելու լավ հնարավորություն, ինչը երեւի թե պետք չէ բաց թողնել: Ու ընդհանրապես, թերեւս կարելի է նամակը դարձնել դիվանագիտական հզոր զենք: Բանն այն է, որ Հայաստանից գրեթե ինչ ուղղությամբ էլ որ օդանավը թռչում է, այդ թռիչքների զգալի մասն իրականացվում է Թուրքիայի օդային տարածքով: Թերեւս արժե, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները, նախագահից սկսած, մինչեւ ասենք հեռավոր Սյունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ, Թուրքիայի օդային տարածքով որեւէ տեղ գնալիս ու վերադառնալիս ուղերձներ հղեն իրենց թուրք գործընկերներին: Ու արժե թերեւս օդային ուղերձներով այնքան ողողել Թուրքիայի իշխանությանը, որ այն ստիպված լինի դրանից ազատվելու համար բացել սահմանը, որ երկնային ուղերձները չփակեն արեւը Թուրքիայի վրա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: