Tuesday, February 9, 2010

Հայաստանի նախագահը մեկնել է Լոնդոն

News.am. 9-2-2010- Հայաստանի նախագահի ինքնաթիռը Երեւանի ժամանակով 09։30-ին ուղղություն է վերցրել դեպի Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան։ Միացյալ Թագավորություն եւ Հյուսիսային Իռլանդիա կատարելիք եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախագահին ուղեկցում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։ Պատվիրակությունը կանգ կառնի «Դորչեստեր» հյուրանոցում, իսկ այցը լուսաբանող լրագրողները՝ «Քենսինգտոն Քլոուզում»։ Այցի առաջին օրվա երեկոյան պատվիրակությունը կայցելի Լոնդոնի ժամանակակից արվեստի «Թեյթ» թանգարան, որտեղ ներկա կգտնվի հայկական ծագումով ամերիկացի աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին եւ ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Այնուհետեւ տեղի կունենա Սերժ Սարգսյանի ընթրիքը թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Նախատեսված են նաեւ մասնավոր այցեր։ Այցի երկրորդ օրը նախագահը Բուկինգհեմյան պալատում կհանդիպի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։ Բացի այդ, նախագահը հանդիպում կունենա Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ թագաժառանգ Չարլզի հետ։ Վինձորյան պալատում Սերժ Սարգսյանը կմասնակցի ընդունելությանը եւ համերգին, որոնք էլ կազդարարեն «Երեւան՝ իմ սեր» նախագծի մեկնարկը, որը նախաձեռնել են թագաժառանգ Չարլզը եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Երեւանի կենտրոնում գտնվող չորս՝ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինություններ։ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, ովքեր Միացյալ Թագավորություն կայցելեն նախագծի շրջանակներում։ Աշխատանքային այցի երկրորդ օրը նշանակված է նախագահ Սարգսյանի ելույթը Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում։ Իր ելույթում նա կշոշափի տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին, ղարաբաղյան հարցի կարգավորմանն առնչվող հարցեր։ Նախագահը Լոնդոնում հարցազրույց կտա «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը։ Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա փետրվարի 11-ի երեկոյան։

No comments: