Wednesday, February 17, 2010

Էդվարդ Նալբանդյան. ԼՂ հարգավիճակի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը

News.am. 16-2-2010- Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամադյարովի երեկ Բաքվում արած այն հայտարարությանը, թե ինքը ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխավոր հարցը դա «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է եւ իրենց տներ փախստականների վերադարձը: «Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո: Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը»,- այս կապակցությամբ ասել է Է. Նալբանդյանն ու հավելել, որ Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորմանը խոչընդոտում է նաեւ դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետեւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը: «Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը: Եվ իհարկե, հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ: Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա եւ խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

No comments: