Tuesday, February 16, 2010

Հրեական լոբբին կարող է ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մերժելու հարցում

/PanARMENIAN.Net/ 15.02.2010 - ԱՄՆ հրեական որոշ կազմակերպություններ, որոնք Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեն, կարող են օգտագործել Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ լարվածությունը, որպեսզի ձեռնպահ մնան ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մերժելուց: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է թուրք գիտնական, Մասաչուսեթս նահանգի Քլարկ համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, «Ամոթալի գործողություն. Հայերի ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվությունը» գրքի հեղինակ Թաներ Աքչամը: «Սակայն ինչ իրավիճակ էլ լինի` նրանք կաջակցեն թե հանդես կգան ընդդեմ բանաձեւի, նրանց արդարացումները բավականին տհաճ են լինելու»:, - ասել է գիտնականը: Նրա խոսքերի համաձայն, հիմարություն է հետեւյալ արտահայտությունը. «Մենք կմերժենք կամ կճանաչենք պատմական անարդարությունը` համաձայն Իսրայելի քաղաքական շահերի»: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական սփյուռքին: Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: -

No comments: