Wednesday, February 10, 2010

ԹՄՐԱՆՅՈՒԹ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

«Լրագիր» 10-2-2010- Կարո՞ղ է արդյոք Հայաստանի ոստիկանությունը հայ-թուրքական սահմանի բացման պարագայում ապահովել քրեածին իրավիճակի վերահսկողությունը, հատկապես թմրանյութի տեղափոխման առումով: Փետրվարի 10-ին լրագրողներն այդ մասին հարցրել են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով մինչ այդ հայտարարել էր, որ Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակ ներմուծելու դեպք են հայտնաբերել, որ կատարել են օտարեկրացի քաղաքացիները: Ընդհանրապես, օտարերկրացիների կատարած հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է, ինչը սակայն Ալիկ Սարգսյանը նորմալ է համարում, ասելով, թե արտասահմանցիների մեծ հոսքի պարագայում դա բնական է: Միեւնույն ժամանակ, ոստիկանապետն ասել է, որ հավանաբար 2010 թվականին էլ կլինի այդօրինակ հանցավորության աճ, բայց նշել է նաեւ, թե ոստիկանությունը հարմարվել է այդ իրավիճակին: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թմրանյութի տարանցման հավանականությանը, ապա Ալիկ Սարգսյանն ասել է, որ եթե թվում է, թե սահմանն այժմ փակ է, ապա այդպես մտածողները սխալվում են: Նրա խոսքով, այսօր էլ Թուրքիայից Հայաստան թմրանյութ ներմուծվում է, ու ինքը կասկածում է, որ նաեւ նոր հայտնաբերված խոշոր խմբաքանակի դեպքը կապ ունի Թուրքիայի հետ: Ոստիկանության պետը հայտարարել է, թե ոստիկանությունն ունի բավարար ներուժ, որ վերահսկի իրավիճակը բաց սահմանի դեպքում:

No comments: