Thursday, February 25, 2010

Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նավթատարի կառուցման շուրջ

Panorama.am. 24-2-2010- Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել 350 կմ. երկարությամբ խողովակաշարի կառուցման հարցում, որով Հայաստան կներկրվի նավթամթերք: Իրանական TV Press հեռուստաընկերության հաղորդման համաձայն` Իրանի նավթի փոխնախարար Սեյեդ Նուրադին Շախնազիզադեն հայտարարել է, թե Թավրիզի նավթամշակման գործարանը մտադիր է հայկական սպառողական շուկային տարեկան մինչև 70 հազ բարել նավթամթերք տրամադրել: Այս մասին փոխանցում է Regnum (Ռեգնում) գործակալությունը: Հիշեցնենք, դեռևս նախորդ տարի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե 2010 թ-ին սկսվելու է Իրան-Հայաստան նավթուղու կառուցման նախագծման աշխատանքները: Ավելի վաղ, Մովսիսյանն ասել էր, թե Իրանն ու Հայաստանը մինչև 2009 թ-ի ավարտը ձեռնարկելու են իրանական Թավրիզից մինչև հայկական Երասխ ձգվող նավթատարի կառուցման աշխատանքները: Վերոնշյալ նախագծում Ռուսաստանի մասնաբաժինը կազմելու էր մոտ 10 %: Գործակալությունը հիշեցնում է, որ իրանական նավթամշակման գործարանից նավթուղով Հայաստան է ներկրվելու բենզին և դիզելային վառելանյութ: Ավելի վաղ, Մեղրիում նախատեսված նավթամշակման գործարանի կառուցման հայ-իրանա-ռուսական նախագիծը, տարեկան մոտ 7 մլն. տոննա վերամշակման հզորությամբ, Ռուսաստանի կողմից սպառման շուկայի բացակայության հետևանքով տնտեսապես աննպատակահարմար էր գնահատվել: Փորձագետների գնահատմամբ, Հայաստանում նավթամթերքի պահանջարկը չի գերազանցում տարեկան 250 հազ. տոննան:

No comments: