Thursday, February 25, 2010

Անկարայում ԱՄՆ դեսպանը հերքո՞ւմ է ինքն իրեն

Tert.am. 24-2-2010- Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ իր արած հայտարարությունները սխալ են հասկացվել: Cihan գործակալության փոխանցմամբ` Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Կեսարիայի նահանգապետ Մևլյութ Բիլիջի հետ հանդիպման ժամանակ թուրքերեն պատասխանելով լրագրողների` ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ վերջերս իր կողմից հնչեցրած հայտարարությունների առնչությամբ հարցին, ասել է, որ իրենք կողմ են հայ–թուրքական հարաբերությունների զարգացմանը։ «Այդ հարցի առնչությամբ իմ հայտարարությունը սխալ է հասկացվել»,- նշել է Ջեֆրին` չհստակեցնելով, թե իր խոսքի կոնկրետ որ հատվածն է սխալ հասկացվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի դիվանագետը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ քննարկել էր հայ-թուրքական Արձանագրությունն ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Ջեֆրին, նշելով, որ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հավանականությունը 50% է, հայտարարել էր. «Եթե բանաձևն ընդունվի, դա ծանր հետևանքներ կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Ինչպես դեկտեմբերի 7-ին Օբաման ասել էր Էրդողանին, ելքը Հայաստանի հետ լավ հարաբերությունների հաստատումն է: Միակ ելքը Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների վավերացումն է»:

No comments: