Tuesday, February 9, 2010

Հրեա ժողովրդի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության անտեսումը

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Իսրայելի Քնեսեթը վաղուց արդեն պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: «Մեզ համար, որպես հրեա ժողովրդի որդիների, որը գիտի, թե ինչ է Հոլոքոսթը եւ պայքարը նրանց դեմ, ով մերժում է այդ փաստը, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քնեսեթի պատգամավոր, «ՄԵՐԵՑ» կուսակցության նախագահ Հաիմ Օրոնը: Նա հույս է հայտնել, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկիրը բարոյական պարտավորություններ ունի այդ հարցում, հատկապես այժմ, երբ Իսրայելն ընդգծում է Հոլոքոսթի մասին հիշատակը պահպանելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին` Օրոնը նշել է, որ Իրանի հետ պատերազմը միանգամայն հավանական է: «Ես վստահ եմ, որ Իրանի միջուկային ծրագիրը համընդհամուր խնդիր է, որը պետք է լուծվի միջազգային հանրության ջանքերով»,-ասել է Օրոնը: Հաիմ Օրոնը Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն է: 2009թ. բանաձեւի նախագիծը բավարար ձայներ չստացավ օրակարգում ընդգրկվելու համար: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Հոլոքոսթը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին: Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար:

No comments: