Thursday, February 25, 2010

Հայկական կողմը մերկացնում է ադրբեջանական կեղծիքները

News.am. 24-2-2010- Ադրբեջանական կողմը, այդ թվում պաշտոնական աղբյուրները, հայերին բացասական լույսի ներքո ներկայացնելու համար էլ չգիտեն, թե ինչ կեղծիքների դիմեն եւ ստիպված են օգտվել Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղետի հետեւանքով զոհված քուրդ երեխաների եւ նմանատիպ այլ լուսանկարներից` ներկայացնելով դա որպես Խոջալույում տեղի ունեցած դեպքերի ապացույցներ: Այդ կեղծիքների վերհանմանն է ուղղված Xocali.net նախագիծը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ադրբեջանցիների կողմից իրականացվող աննախադեպ կեղծիքների և փաստերի աղավաղման ժամանակագրությունը` կապված Աղդամի (Խոջալուի) 1992թ. դեպքերի հետ: Աղդամի (Խոջալուի) իրադարձությունների հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ 20 կեղծ լուսանկար, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը` միջազգային հանրության շրջանում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով: Ադրբեջանցիները իբր Խոջալուին վերաբերող լուսանկարներ են տարածում, որոնք իրականում 1999թ.Կոսովոյում տեղի ունեցած ջարդերի, տարերային աղետի հետեւանքով զոհված քուրդ երեխաների և նմանատիպ այլ լուսանկարներ են: Կամ` ներկայացվում է միեւնույն դիակը (որն ի դեպ, ակնհայտորեն ոչ պակաս, քան 15 տարվա վաղեմություն ունի)` նախ մազերով, ապա` գլուխը մաշկահան արված: Այս ամենից բացի, աղաղակող կեղծիքներ են հայտնաբերվել Աղդամում կատարված ողբերգության զոհերի անվանացանկում, որոնք ներկայացվում են ադրբեջանական պաշտոնական կառույցների կողմից. օրինակ` միեւնույն մարդու անունը ներկայացվում է լեզվական տարբեր հնչողություններով եւ մատուցվում իբրեւ առանձին անուն: Ի դեպ բացահայտումներն արված են հիմնվելով հենց ադրբեջանական աղբյուրների վրա: Աղդամի (Խոջալուի) դեպքերի առնչությամբ http://xocali.net/ կայքում առանձնացված են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուսումնասիրությունները եւ ադրբեջանական կեղծիքների վերաբերյալ նրանց բացահայտումները: Նախագծի իրականացմանը օգնել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության» կենտրոնը: Աղդամի (Խոջալուի) դեպքերի կետ կապված ադրբեջանական կեղծիքները ներկայացնող http://xocali.net/ կայքն այս պահին հանրությանը ներկայանում է ռուսերեն, անգլերեն եւ ադրբեջաներեն լեզուներով: Ֆրանսերեն, պարսկերեն եւ գերմաներեն էջերը պատրաստ կլինեն առաջիկայում:

No comments: