Thursday, February 25, 2010

Մասիս Մայիլյան. «Բանակցությունների աղավաղված ձեւաչափը խանգարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

/PanARMENIAN.Net/ 24.02.2010 - Մի շարք պատճառներ կան, որոնք խանգարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որի պատճառով այն անընդհատ հետաձգվում է: Այդ մասին PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերի համաձայն, գլխավոր պատճառներից մեկը հակամարտության կարգավորման մեթոդաբանությունն է, այսինքն` այն մոտեցումը, որն օգտագործում են միջազգային կազմակերպությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը` հարցեր լուծելիս: «Նրանց մոտեցումները չեն արտացոլում իրականությունը, ուղղված չեն ապագայի անվտանգությանը, այլ մեզ հետ են տանում դեպի պայթյունավտանգ անցյալ, այսինքն` փորձ է արվում վերականգնելու 1988 թ. ստատուս քվոն», - ասել է Մայիլյանը: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպեսզի ճեղքում լինի, պետք է փոխել բանակցությունների մարտավարությունը: «Ղարաբաղը հարկ է, որ վերադառնա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ պետք է վերականգնել բանակցությունների ամբողջական ձեւաչափը», - ասել է Մասիս Մայիլյանը, ավելացնելով, որ բանակցությունների աղավաղված ձեւաչափը այն պատճառներից մեկն է, որի հետեւանքով հակամարտության կարգավորումը միշտ հետաձգվում է: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: