«Ազգ» 25-2-2010- Բելգիայի հայերի համագումարը պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, որով իր բողոքն ու տարակուսանքն է հայտնել վերջին ժամանակներում այդ ալիքի ադրբեջանամետ քարոզչությունից: Նամակում բելգիահայերը մասնավորապես անդրադարձել են «Եվրոնյուզ»-ի պատրաստած ռեպորտաժին` ադրբեջանցի փախստականների մասին: «Ազգ» -ը գրել էր, որ վերոհիշյալ ալիքը, պատրաստելով ռեպորտաժ հայկական Ղարաբաղի մասին, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ճնշումների եւ նոր ռեպորտաժ է պատրաստել արդեն Ղարաբաղից գաղթած ադրբեջանցի փախստականների մասին: Բելգիահայերի կարծիքովՙ հեռուստաալիքն այս վերջին նյութով արտահայտում է միայն ադրբեջանական կողմի տեսակետը. «Դուք արտահայտել եք միայն Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն այս հին եւ դժվարին հակամարտությունն ավելին է, քան երկկողմանի լինելը: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ ադրբեջանական կողմի տեսակետները նույնպես պետք է արտահայտվեն, սակայն մեզ տարակուսանք է պատճառում, որ դուք այդքան հոժարակամ եք ընդունում Բաքվի ցանկությունները: Մենք նաեւ զարմացած ենք այն փաստից, որ դուք, հրապարակելով այդ ռեպորտաժը, մյուս` հայկական կողմին էլ հնարավորություն չտվեցիք կարծիք հայտնելու: Այնինչ առանց այդ երկկողմանի կարծիքների եվրոպացի հեռուստադիտողի համար անհնար է հստակ պատկերացնել հակամարտության ողջ էությունը», ասված է նամակում:
Բելգիահայերը, կոնկրետ անդրադառնալով «Եվրոնյուզ»-ի «ադրբեջանական» ռեպորտաժին, նամակում գրել են, որ ադրբեջանցի փախստականների կյանքի նկարագրումն ու ցուցադրումը կարող են վրեժի ցանկություն առաջացնել լսարանում: «Ձեր ռեպորտաժով, փաստորեն, տարածվում է հակահայկական ռասիզմը, որն արդեն իսկ կա. ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Թուրքիայում, ինչպես նաեւ Եվրոպայի թուրքական համայնքներում «թշնամի հայի» պրոպագանդան բերել է բռնության դեպքերի»: Բելգիահայերի տարակուսանքն ավելի է սրվել, երբ «Եվրոնյուզը» հրապարակեց Ադրբեջանի նախագահի հետ «մեծ ու բովանդակ» հարցազրույցը ( «Ազգ» -ը գրել էր Ալիեւի այդ հարցազրույցի մասին): Նամակում նշված է, որ Ալիեւի հարցազրույցից հետո էլ «չերեւաց» հայերի տեսակետը: «Այնինչ Ղարաբաղի հակամարտությունը լիարժեք հասկանալու համար պետք է հիշել 1915-ի ցեղասպանությունը եւ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ցանկացել են միավորել իրենց տարածքները: Սրա պատճառով է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը թուրքերի օժանդակությամբ հարձակվեց Բաքվում եւ Սումգայիթում ապրող հայերի վրա եւ կազմակերպեց նրանց ջարդը: Չնայած այս ամենին, Ղարաբաղի հայերը դիմացան: Այժմ հարց է առաջանում. սխա՞լ են արել արդյոք նրանք», հարցնում են բելգիահայերը «Եվրոնյուզ»-ին եւ կոչ են անում «ավելորդ կրակ չբացել թուրք-ադրբեջանական «ակտիվ գազի» նմանվող ազգային ծայրահեղության ֆոնին: Բելգիահայերը հորդորում են նաեւ. «Միակողմանի վերաբերմունք չգործածել այս հարցում, քանի որ միայն այդ պարագայում կցրվի այն վախի մթնոլորտը, որը կա ինչպես Հայաստանում եւ Ղարաբաղում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կյանքում»:
Նամակը ստորագրել է Բելգիայի հայերի համագումարի ղեկավար Միշել Մահմուրյանը:
Thursday, February 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment