Monday, February 8, 2010

Լև Մակեդոնով. «Ցեղասպանություն կամ բարեկամություն»

Aysor.am. 8-2-2010- Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածը ԱՄՆ-ի կողմից կարող է ճանաչվել որպես ցեղասպանություն: Բանաձևն այս մասին մտցվել է Կոնգրես և արդեն եկող ամսին քննարկման կդրվի պրոֆիլային կոմիտեում` չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան մնում է մերձավորարևելյան տարածաշրջանում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցներից մեկը: ԱՄՆ-ի համար դա հղի է Թուրքիայի հետ լուրջ հակասություններով: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Գազետա.ռու կայքում հրապարակված`Լև Մակեդոնովի «Ցեղասպանություն կամ բարեկամություն» խորագրով հոդվածը: Հեղինակը հիշեցնում է, որ վերոնշյալ բանաձևի նախագիծը ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի օրակարգ է մտցվել պալատի նախագահ, Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից: «Հայոց ցեղասպանության բանաձև» փաստաթուղթը կքննարկվի Կոնգրեսի պրոֆիլային կոմիտեի կողմից արդեն մարտի 4-ին: «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Բերմանին այն բանի համար, որ նա ձեռնարկել է սույն վճռական քայլը`Թուրքիային ուղղելու հստակ հաղորդագրություն. ԱՄՆ-ը չեն լինի ճշմարտությունը մերժելու և Հայոց ցեղասպանությունն արդարացնելու ուղղությամբ նրա գործունեության հանցակիցը», - ասվում է ԱՄՆ հայ համայնքը միավորող` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հայտարարությունում: Կոնգրեսի ստորին պալատի միջազգային հարցերով կոմիտեն արդեն մի քանի անգամ փորձել է հայանպաստ ձևական բանաձև ընդունել` 2000, 2005 և 2007 թվականներին: Չնայած որ փաստաթուղթը քննարկման է ներկայացվել երկկուսակցական հիմունքներով, ո՛չ Բիլ Քլինթոնի վարչակազմը, ո՛չ էլ նրան փոխարինած Ջորջ Բուշի թիմը չհամարձակվեցին վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մշտապես համարվել է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում: Իր նախընտրական արշավում ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման հայ համայնքին խոստացել է պաշտոնապես ճանաչել 1915 թ. Ցեղասպանության փաստը: Օբամայի արտաքին քաղաքական թիմի առանցքային խաղացողները` փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ևս կողմ են արտահայտվել, սակայն, միևնույն ժամանակ, նախագահի երդմնակալության արարողությունից ի վեր Սպիտակ տունը ոչ մի անգամ չվերադարձավ Հայոց ցեղասպանության հարցին: Այս անգամ բանաձևի օգտին արդեն արտահայտվել են 435 կոնգրեսմեններից 135-ը` դրա նախագծի տակ ստորագրելով դեռևս այն կոմիտե մտցնելու փուլում: Վերին պալատում համանման փաստաթուղթը ստացել է 13 պատգամավորի աջակցությունը: Կոնգրեսի ներկայիս գումարմանը սույն արտաքին-քաղաքական դեմարշի հակառակորդների թիվը ևս պակասել է. թուրքական ծագում ունեցող կոնգրեսմենների խումբը նախագահող Ռոբերտ Վեքսլերը լքել է ստորին պալատը: Նույնն են արել նաև նրա գործընկերներ Ջոն Թանները և Մերիոն Բերին: Ցեղասպանության ճանաչման պատմությունն արդեն մեկ անգամ դարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիճաբանության առարկա: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեն 2007 թ. ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող համանման բանաձև: Թուրքիան այն ժամանակ խորհրդատվությունների համար հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին և սպառնում էր լուրջ միջոցառումներով` ընդհուպ մինչև ԱՄՆ-ի համար իր օդային տարածքի փակումը: Տարաձայնությունը հարթվեց բանաձևը չընդունվելուց հետո միայն: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Օրենսդրական մակարդակով նման գաղափարն առաջին անգամ ամրագրեց Ուրուգվայը` 1965 թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչված է որպես պատմական փաստ Եվրամիության երկրների մեծամասնությունում, ներառյալ` Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան: Որոշ երկրներում, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան և Շվեյցարիան, ցեղասպանության հերքումը քրեական հանցագործություն է համարվում:

No comments: