Thursday, February 18, 2010

Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական մերձեցումը մի գործընթաց է, որտեղ մեծ խաղադրույքներ են արվում

/PanARMENIAN.Net/ 18.02.2010 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայ-թուրքական գործընթացը ճգնաժամ է ապրում: Չնայած նրան, որ Թուրքիայի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման հավանականություն դեռեւս կա, այդ հնարավորությունն աստիճանաբար կարող է զրոյի հավասարվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված թիվ 252 բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին կարող է Թուրքիայի հանդեպ ճնշման լրացուցիչ լծակ դառնալ, քանի որ հենց ԱՄՆ-ն է հայ-թուրքական նախագծի «հովանավորը»: Հայ-թուրքական մերձեցումը մի գործընթաց է, որտեղ մեծ խաղադրույքներ են արվում: Բոլոր արտաքին ուժերը` Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է քաղաքագետը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները, չսպասելով, թե դա երբ կանի Թուրքիայի խորհրդարանը, այդպիսով անհարմար վիճակի մեջ դնելով Անկարային: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա: 2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:

No comments: