Saturday, February 27, 2010

Դատախազությունը հայերի ջարդերի կապակցությամբ քրգործի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվ է ստեղծել

News.am. 26-2-2010- Ավարտվել է 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները: Այս կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորադրություն է տարածել, որտեղ ասվում է. «Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են մասնավորապես Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում այդ թվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների մասնակցությամբ իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնաբարությունների, բռնությունների հրկիզումների, ալան-թալանի տեսքով: Ներկայումս ընթացքի մեջ է արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու գործընթացը: Հասարակության առավել լայն շրջանակների համար բաց է այսօրվանից փետրվարի 26-ից, որտեղ շահագրգիռ բոլոր կողմերը, քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ քրեական գործերի նյութերին: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վկայություններն եւ ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով: Մասնավորապես՝ քրեական գործերի նյութերի համաձայն՝ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եղել են կազմակերպված Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացվել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ նախազգուշացնելով ազգաբնակչությանը չպատսպարել եւ չթաքցնել ազգությամբ հայ հարեւաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ եւ օգնությամբ, չեն հրապարակվում ականատեսների, մասնավորապես Սումգայիթի նախկին հայ բնակիչների հասցեները եւ նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով»: Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ http://www.genproc.am/main/ru/199/

No comments: