Tuesday, February 9, 2010

Այսքանից հետո Թուրքիայից ու նրա իշխանություններից է կախված լինելու հետագա գործընթացի ողջ պատասխանատվությունը. Ն. Զոհրաբյան

Panorama.am.9-2-2010- «Նախագահի ուղերձով վերահաստատվեց այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հանուն կայացող տարածաշրջանի բնականոն հարաբերություններ հաստատել հարևան Թուրքիայի հետ»,- մեկնաբանելով նախագահ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված ուղերձը` Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա հաստատ համոզմամբ` նախագահ Սարգսյանի այս քայլը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է չխախտել խաղի որևէ կանոն, շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը` առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: «Ես կարծում եմ, որ այս ուղերձը մեսիջ կլինի` ուղղված միջազգգային հանրությանն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ նախնական պայմանավորվածություններին` բնականոն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Այսքանից հետո իսկապես գնդակը Թուրքիայի դաշտում է և Թուրքիայից ու նրա իշխանություններից է կախված լինելու հետագա գործընթացի ողջ պատասխանատվությունը»,- տեսակետ հայտնեց պատգամավորը: Ըստ իշխանության ներկայացուցչի, եթե անգամ ընդունենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը փակուղային վիճակում է գտնվում, ապա դրա ողջ պատասխանատվությունը ոչ թե հայկական կողմինն է, այլ Թուրքիայինը: «Նախագահի այս քայլը հերթական քաղաքական քայլն էր Թուրքիային հասկացնելու, որ եթե վերջնականապես գործընթացը մտավ փակուղի, ապա դրա պատասխանատվությունը ողջ միջազգային հանրության առաջ, Հայաստանի և Թուրքիայի հանրության առաջ պատկանելու է բացառապես Թուրքիային»,- եզրափակեց Զոհրաբյանը:

No comments: