«ԱԶԳ», 13-02-2010- Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ինՙ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո մեծ հանդիսավորությամբ նշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնըՙ Տյառնընդառաջը: Տյառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը, նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տոնի խորհուրդն ու մանրամասները երեկ լրագրողներին ներկայացրեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից Մեսրոպ աբեղա Պարսամյանը: Հայ եկեղեցու կանոնի համաձայնՙ տոնի նախօրեին բոլոր եկեղեցիներումՙ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, օրը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը եւ գարնանամուտը: Ժամերգության ավարտին կատարվում է մոմի օրհնություն: Հավատացյալները օրհնված մոմից վառում են իրենց մոմերըՙ Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն: Ժողովրդական սովորույթի համաձայնՙ օրհնված մոմի կրակով վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը:
Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգՙ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: Սովորության համաձայն տոնի առիթով նվերներով այցելուն են նորապսակներին, խարույկի վրայից թռչում ու յոթ անգամ շրջանապտույտ անումՙ երազանքներ պահում: Այս տարի առաջին անգամ Տյառնընդառաջի տոնը զուգադիպել է բուն Բարեկենդանի հետ, որը սկսվում է փետրվարի 15-ին: Մեծ պահքը տեւում է 48 օր եւ այս տարի կավարտվի ապրիլի 3-ին: Իսկ ապրիլի 4-ին կնշենք Սուրբ Զատիկը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Saturday, February 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment