
Panorama.am. 12-2-2010- Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ մի շարք եվրոպացի հեղինակավոր գործիչները բաց նամակ են հրապարակել` հասցեագրված Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրնոխին:
Նամակում եվրոպացի գործիչները կոչ են արել համաեվրոպական կառույցներին ակտիվորեն ներգրավվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` պահանջելով հանդես գալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը համահունչ հայտարարությամբ և Թուրքիայի համար սահմանել արձանագրությունների վավերացման ողջամիտ` երկամսյա ժամկետ:
Փետրվարի 10-ին տարածված նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի տիկին և պարոնայք,
Ինչպես տեղյակ եք, հայ-թուրքական հարաբերությունները մի պատմական կետի են հասնում, որը խորապես կազդի Հարավային Կովկասի ապագա դիվանագիտական և ռազմավարական իրավիճակի վրա: Մենք համոզված ենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրությամբ սկսվեց իսկապես մի պատմական գործընթաց, որը կփոխի թշնամական տրամադրությունները երկու երկրների միջև և կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Սակայն, խորը ապսոսանքով տեսնում ենք, որ մերձեցումը խոչընդոտվում է քաղաքական կամքի պակասի և արձանագրությունների հիմնարար սկզբունքները աղավաղելու փորձերի պատճառով»:
Մտահոգված լինելով վերջին զարգացումներով` Եվրոպա-Հայաստան Խորհուրդը հրապարակել է հետևյալ հայտարարությունը:
«Եվրոպա-Հայաստան Խորհուրդը`
վերահաստատելով, որ Թուրքիան և Հայաստանը պետք է շարունակեն ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը առանց նախապայմանների, քանի որ դա միայն կարգելակի Հարավային Կովկասի ամենաերկարատև հակամարտության դիվանագիտական լուծման առաջին փորձը`
արտահայտելով մտահոգություն գործընթացի հնարավոր ձախողման վերաբերյալ և մտավախություն, որ այս խնդիրը դիվանագիտական միջոցներով լուծելու հնարավորությունը կհետաձգվի երկար ժամանակով,
վերահաստատելով, որ ԵՄ-ն` որպես այժմ լրացուցիչ հնարավորություններով օժտված միջազգային տերություն և արդյունավետ բազմակողմ համագործակցության սատարող, կարող է հանդիսանալ նշված գործընթացի համար լավագույն անկողմնակալ միջնորդը և երաշխավորը.
1. կոչ է անում ԵՄ հաստատություններին միջամտելու բոլոր հնարավոր միջոցներով` ներառյալ տարածաշրջան բարձրաստիճան այցի կազմակերպմամբ, և երկու կողմերին հորդորելու վավերացնել արձանագրությունները առանց նախապայմանների և իրատեսական ժամկետում` ոչ ավել քան երկու ամսվա ընթացքում:
2. հորդորում է տարածաշրջանի բոլոր կողմերին կառուցողական ներդրում ունենալ և մասնավորապես հրավիրում է Ադրբեջանին սատարել գործընթացը:
3. նշում է ԱՄՆ Պետական քարտուղարության հայտարարությունը, որը ողջունում է Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և կոչ է անում բոլոր Եվրոպական հաստատություններին հանդես գալ նման հայտարարություններով` ընդգծելով, որ դատարանի որոշումը նպաստում է Հայաստանում արձանագրությունների վավերացմանը և չպետք է չարաշահվի որևէ մեկի կողմից որպես գործընթացը ձախողելու պատրվակ:
4. կոչ է անում Հայաստանի կառավարությանը և Սփյուռքին դիմադրելու թուրքական կառավարության փորձերին կապելու արձանագրությունների վավերացումը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:
5. հիշեցնում է բոլոր ներգրավված կողմերին պոպուլիզմի անցանկալի հետևանքների մասին Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի վերականգման պատմական գործընթացի վրա»:
Մենք խորապես համոզված ենք, որ ակտիվորեն մասնակցելով վերոհիշյալ գործընթացին` ԵՄ-ն կունենա լավագույն հնարավորությունը ևս մեկ անգամ հաջողության հասնելու հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ապահովման գործում»:
Նամակի տակ ստորագրել են Կորնել Ալմասին (Հունգարիա, խորհրդարանի պատգամավոր), Բերնարդ Կուլին (Բելգիա, Լուվենի համալսարանի ռեկտոր), Ալեքսանդրա Դոբոլյին (Հունգարիա, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր), Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր), Ժոզեֆ Հոմեյերը (Գերմանիա, եպիսկոպոս), Մարի Անն Իսլեր Բեգինը (Ֆրանսիա, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր), Յոաննիս Կասուլիդեսը (Կիպրոս, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր), Կատյա Պլատեն (Գերմանիա, Կ.Ադենաուեր հիմնադրամի Կովկասյան գրասենյակի տնօրեն), Ֆրանսուա Ռոլանտ դյու Վիվյերը (Բելգիա, սենատի անդամ), Վալերի Սաֆարյանը (Բելգիա, հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ), Չարլզ Թանոկը (Մեծ Բրիտանիա, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր):
No comments:
Post a Comment