Thursday, February 18, 2010

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԷՔՍՏՐԵՄԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Վահե Բոյաջյան. Իրանագետ, Սեյնթ Անդրյուսի համալսարան, Մեծ Բրիտանիա -Վահե, “դրսից” ներսի իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին ամիսների ընթացքում Ձեր գնալուց հետո: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում և ըստ էության ի՞նչ խնդիրներ ունենք: -Գիտեք, նախ միանգամից պետք է ասեմ, որ սկզբունքորեն դեմ եմ դրսում լինելով փորձագետի կեցվածքով գնահատական տալ կամ վերլուծություններ անել ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, դրա համար կփորձեմ ընդամենը իմ անձնական տպավորությունները կիսել: Իսկ տպավորություններս վերջին մի քանի ամիսների կապակցությամբ գրեթե նույնն են, ինչ ունեի Հայաստանում եղած ժամանակ. իրադարձություններ են տեղի ունենում, որոնք գնալով խորացնում են Հայաստանի բարդ և տխուր վիճակը: Բայց ես ուզում եմ շեշտել, որ սա տվյալ դեպքում, տվյալ հանգամանքները հաշվի առնելով, բնական երևույթ է Հայաստանի համար: Այսինքն`ընդհանուր առմամբ կա մի իրավիճակ, որը կարելի է որակել որպես բացասական երևույթներով լի, և այն փոխելու, շրջելու համար շատ մեծ ջանքեր են պահանջվում: Կարծում եմ այս վիճակն իր տխուր, բայց բնական հունով գնում է դեպի վար, ու վերջին հաշվով կգա մի պահ, և այն ուղղակի կպայթի: -Ի նկատի ունեք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարդացումը կհանգեցնի՞ պայթյունի: -Հայ-թուրքական հարաբերությունների՝ Ձեր կողմից որպես «կարգավորում» որակված գործընթացն, ավելի ճիշտ այդ գործընթացի տված պտուղները իմ պատկերացմամբ վերոնշյալ բացասական երևույթների ընդամենը եզակի դրսևորումներից են: Իրավիճակի պայթելու համար բազմաթիվ այլ ներքին խնդիրներ էլ կան: Դրանք կանխելու համար բացարձակապես այլ մոտեցում էր անհրաժեշտ, որը ցավոք սրտի ներկայիս իշխանության գործելաոճում բացակայել է: Ամենացավալին այն է, որ բացակայել է ավելի շատ ոչ թե արհեստավարժության պակասի, այլ առհասարակ գործելաոճի տրամաբանության տեսակի պատճառով: -Այսօր հասարակության մեջ նոր նախաձեռնություններ են ստեղծվում, քննարկումներ են կազմակերպվում. արդյոք նոր մտքերի, նոր գաղափարախոսության կարիք առհասարակ ունենք: -Գիտեք, ես դա մի քիչ լավ չեմ հասկանում` «նոր ուժ», «նոր մոդել», «նոր գաղափարախոսություն». դրանք բոլորն ինձ համար այսօրվա պայմաններում, շեշտում եմ՝ ներկայիս իրավիճակում, օդում ասված խոսքեր են: Իհարկե, ես Հրանտի հետ համաձայն եմ, որ միանշանակ մտքերի մակարդակում գործունեություն պետք է լինի, միշտ էլ ողջունելի են մտքերը՝ մանավանդ նոր, բայց ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ այսպես ասած կոնկրետությունը թողած, հիմա էլ պետք է արդեն մտքերի դաշտ գնալ: Ոչ ոք չի խանգարում կամ ոչ ոք դեմ չէ, որ ստեղծվեն նոր նախաձեռնություններ, լինեն քննարկումներ: Ամբողջ խնդիը նրանում է, թե այդ նոր նախաձեռնություններն ու քննակումներն ի՞ նչ մեխանիզմներ են առաջարկում իրենց իսկ առաջադրած, «նոր» որակվող մտքերն ու գաղափարներն իրագործելու համար: -Ինչպիսի՞ ն եք ուզում տեսնել ապագայի Հայաստանը: -Ապագայի Հայաստանը առաջին հերթին ազատ քաղաքացու Հայաստանը պետք է լինի: Քանի դեռ անհատի մեջ արմատավորված չէ այն գիտակցությունը, որ ինքն ազատ է, որ կարող է մտածել ազատ, ցանկացած «նոր ուժ» կամ «նոր մոդել» էլ լինի, ոչինչ չի կարողանալու անել: Երբ մենք խոսում ենք գաղափարների մասին, նոր մոտեցումների, մեթոդների, քաղաքական մշակույթ ձևավորելու, երկիրը նորմալ “ռելսերի” վրա դնելու մասին, ինձ համար առաջին հերթին ու ամենակարևորը անհատի դիրքորոշումն է ասածս անկյունաքարային խնդրի՝ անհատական գիտակցության առումով: Այսօր ես մի կողմ եմ դնում «նոր ուժ», «նոր գաղափարներ» հրապարակ բերելու անհրաժեշտության մասին քննարկումները: Իհարկե, մարդիկ ազատ են անել այն, ինչ հարմար են գտնում, ես պարզապես այդ ուղղությամբ չեմ մտածում, որովհետև առաջին հերթին կոնկրետ խնդիր կա. Օրինակ, ՀԱԿ-ն ակնհայտ ապօրինությունների դեմ սիստեմատիկ պայքարում է, նրա շուրջ համախմբվածները միշտ պատրաստ են եղել գնալ զոհողությունների, և այսօր էլ դա անում են: Հենց այս կոնկրետ պայքարը, մարդկանց մեջ, թեկուզ դանդաղ, սակայն վստահաբար ամրապնդելու է վերոհիշյալ գիտակցությունը: -Կոնգրեսի պայքարն ինչո՞ւմ եք տեսնում. պարբերաբար հայտարարություննե՞րը, թե ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանրահավաքները: -Գիտեք, Ձեր հարցի մեջ նկատում եմ որոշակի կանխակալություն: Առհասարակ կցանկանայի այսպես ասած «բաց թողնել» այս թեման, բայց, թերևս, մի քանի բառով հստակեցնելու կարիք կա: Հետևելով այս շարքին` տեսնում եմ, որ ընդդիմության դեմ ուղղված քննադատությունը դառնում է այս հարցազրույցների կորիզը: Քննադատություն երևույթի դեմ, բնականաբար ոչինչ չունեմ ասելու, կեսկատակ-կեսլուրջ համարում եմ, որ անձամբ հակված եմ ինչպես ասում են՝ «քննադատելու բան լիներ, քննադատեի» մոտեցմանը, սակայն հարցն այլ հարթությունում է: ՀԱԿ-ին քննադատելիս, մանավանդ մատնանշելով վերջին ընտրությունները, ավելի հաճախ են օգտագործվում «թուլացել է», «դադար է վերցրել», և նման կարգի արտահայտությունները: Բացարձակապես չեմ ընդունում. մոռանում ենք, որ ընդդիմությունը գործում է ոչ թե նորմալ քաղաքական դաշտում, այլ էքստրեմալ պայմաններում: Սրանով ամեն ինչ ասված է: Իմ կարծիքով, Կոնգրեսը և նրա շուրջ համախմբված ուժերը, կոնկրետ քայլերով, գործողություններով, իրենց ընտրած ճանապարհով գնում են առաջ: Այդ ճանապարհը գուցե շատերին ձեռք չի տալիս, դուր չի գալիս, չի բավարարում, բայց երբևէ չեմ տեսել, որ Կոնգրեսն իր կարծիքը որևէ մեկի վզին փաթաթի: Ինչով պայքար չէ, որ այսօր քաղբանտարկյալներ ունենք, և այդ անհատները բանտում շարունակում են պայքարել բոլոր հնարավոր ձևերով: Դա մի՞թե պայքար չէ: Ինձ համար պայքարի ելակետն այս է՝ շատ հստակ ու շոշափելի. մարդիկ իրենց սկզբունքերին չեն դավաճանում և գնում են զոհողության: Զարմանում եմ, որ ոմանց թվում է, թե «նոր» ուժի ստեղծման մասին խոսելն արդեն իսկ երաշխիք է ցանկալի արդյունքի: Հալվա ասելով բերանը չի քաղցրանում: Այդ ուժը մարդիկ են, որոնք պայքարում են, գործում են, անցնում են զարգացման տարբեր հանգրվաններով, զոհողությունների են գնում, սրանից հետո նոր ինքնաբերաբեր վաստակում «ուժ» լինելու անունը՝ ընդհանրապես: Այսօր պայքարը շարունակվում է առաջին հերթին ի դեմս քաղբանտարկյալների. մի՞թե դա քիչ է: Ոչ թե պետք է նոր ուժ, որ պայքարի, այն էլ ենթադրաբար, այլ պետք է պայքար, որի արդյունքում կլինի նորը: Իսկ պայքարն, էլի եմ կրկնում, ահագին կոնկրետ է: Հայաստանի քաղաքացու պայքարի արդյունքում այսօր մենք տեսնում ենք նորը: Պարզապես մենք շատ հաճախ սովոր ենք, որ արդյունքը տեսնեք միանագամից, այսինքն` ջրի ծորակը բացենք, բաժակը պահենք տակը, ու ջուրն էլ միանգամից լցվի: -Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ծրագրային ելույթ պիտի ունենա, ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է փոփոխություն մտցնել Հայաստանի քաղաքական կյանքում: -Ինչ-որ մի բան կփոխվի, թե ոչ... այս առումով ես պարզապես մի բան կասեի` ես երբևէ որևէ ելույթից կամ մեկ օրով կազմակերպվող հանրահավաքից փոփոխության որևէ ակնկալիք չեմ ունեցել: Փոփոխությունը միաժամանակյա ակտ չէ: Վստահ եմ մի բանում՝ ահագին թվով փորձագիտա-վերլուծաբանա-համեմատական զբաղմունքի տեր մարդիկ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում աշխատանքի խնդիր չեն ունենա: -Իսկ որպես վերջաբան ի՞ նչ կավելացնեք: -Մտքեր, առաջարկներ, գաղափարներ` խնդրեմ, թող լինեն, բայց շատ մեծ զգուշություն է պետք դրսևորել դրանց «նոր» պիտակն ամրացնելիս: «Նոր» ասվածը, շատերին հոգեխանգարմունքի մեջ գցելով, բերում է հակասական վիճակի: Մարդիկ հոգեբանորեն տրամադրվում են, սկսում են մտածել, որ սա նոր է, ուրեմն այն չէ, ինչ եղել է նախկինում: Նոր շարժում, նոր նախաձեռնություն ստեղծելը, առավել ևս անվանապես դրա ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարելը, դեռևս չի նշանակում, որ այդ նոր շարժումը կամ այդ նոր ուժն արդեն ինքնին երաշխավորում է ցանկալի արդյունք: Ցանկալի արդյունք ստացվում է միմիայն տևական պայքարի միջոցով, իսկ տևական պայքարը, որքան էլ ինստիտուցիոնալ առումով լինի այս կամ այն քաղաքական ուժի անվանման ներքո, այնուամենայնիվ անհատների վրա է հենվում: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 18-2-2010

No comments: