Thursday, February 18, 2010

Սկսվել է տխրահռչակ «Էրգենեկոնի» դատավարությունը

News.am. 18-2-2010- Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում սկսվել է երկրորդ «Էրգենեկոնի» գործով 41-րդ դատալսումը։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ դատավարությանը մասնակցում են ձերբակալված եւ որպես մեղադրյալներ անցնող 39 հոգի, որոնց մեջ է Cumhuriyet թերթի Անկարայի ներկայացուցիչ Մուսթաֆա Բալբայը, հատուկ նշանակության զորամիավորման նախկին ղեկավար Իբրահիմ Շահինը։ Իսկ երեք այլ մեղադրյալներ՝ Անկարայի համալսարանի ռեկտոր Մեհմեդ Հաբերալը, Ինոնուի համալսարանի նախկին ռեկտոր Ֆաթիհ Հիլմիօղլուն եւ պաշտոնաթող գեներալ Լեւենտ Էրսյոզը ներկա չեն։ Ի դեպ, նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինը արդեն խոստովանել է, որ իրենք ծրագրել էին գործողություններ իրականացնել հայ համայնքի ներկայացուցիչների դեմ, իսկ նրա նոթատետրում հայտնաբերվել են գրառումներ, որտեղ ներկայացված են հայկական արմատներով թուրք եւ քուրդ հայտնի քաղաքական գործիչների անունները եւ տվյալները։ Պաշտոնաթող գեներալ Լեւենտ Էրսոզի հետ եւս կասկածելի դեպքեր են տեղի ունեցել։ Ինչպես Էրգենեկոնի" գործով բազմաթիվ մեղադրվողներ, Էրսոզը եւս գտնվում է հիվանդանոցում։ Հիշյալ հիվանդանոցում ձերբակալվել է մի անձ, ով մտել էր հիվանդանոց եւ կրակել։ Ձերբակալվածը պնդել էր, որ իր ինքը հանձնարարություն է ունեցել սպանելու Էրսոզին, սակայն հանդիպման վայր չի եկել պատվիրատուն, որպեսզի մանրամասն պլանավորեն, եւ ինքը պարզապես կրակել է առաստաղին։ Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ հարցաքննությամբ պարզվել է, թե հիվանդանոցի առաստաղին կրակած անձնավորությունը տիրապետում է հայերենին եւ բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում ու Ադրբեջանում։ Դրանից հետո այլ մանրամասներ թուրքական ոստիկանությունը չի հաղորդել։ Նշենք, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես` հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

No comments: