Tuesday, February 9, 2010

Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն ...

Aysor.am. 9-2-2010- «Հայ-թուրքական հարաբերությունների մասով Հայաստանը նախաձեռնեց մի գործընթաց, որի ձախողման պարագայում մենք կունենանք շատ ակտիվ ու հզոր ախոյան տարածաշրջանում»,-նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ա. Մելիքյանը գտնում է, որ գործընթացը չպետք է տարվեր այնպես, ինչպես ընթացավ, և տարբեր կողմերից, այդ թվում և Թուրքիայից եկող «այս հախուռն գրոհը միտված է` անգամ մոտ ապագայում հարաբերությունների հնարավորության տապալմանը»: «Եթե Միացյալ նահանգները շարունակեն ճնշումը Թուրքիայի վրա, և եթե Թուրքիան որոշի խզել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա այն կարող է հանգեցնել ռուս-թուրքական դաշինքի կայացմանը, ինչը կարող է հետևանք դառնալ նրան, որ մենք կարող ենք կորցնել և´ ազատագրված տարածքները, և´ Արցախն ընդհանրապես, և´ ... ո՞վ գիտի, թե հետագայում ի՞նչ կլինի»,- ասաց Ա. Մելիքյանը: Նախկին արտգործնախարարը հիշեցրեց նաև, որ վերջին շրջանում «Թուրքիան իր գործողություններում, թեև բարյացկամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, համենայն դեպս, շատ կտրուկ քայլերից էլ զերծ է մնացել»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե այս գործընթացը ձախողվի, «Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում»: «Ընդամենը 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու, իսկ այսօր մի սեպ է մնացել` Ջավախքից մինչև Մեղրի»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մելիքյանը:

No comments: