Saturday, February 20, 2010

Իրանը իր տեսակետն ունի ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ

«Ազատություն» 19-2-2010- «Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, ուստի մենք, վստահաբար, մեր նկատառումներն ու տեսակետն ունենք ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ», - ուրբաթ օրը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղիղիանը։ Դեսպանը չհստակեցրեց, թե խաղաղապահ ուժերում հատկապես որ երկրի մասնակցությունն է Իրանի համար անընդունելի։ Նա նաեւ չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի Ղարաբաղի հետ ընդհանուր սահման ասելով, քանի որ, ինչպես հայտնի է, Իրանը սահմանակցում է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղի տարածքին, այլ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Ֆիզուլու եւ Զանգելանի շրջաններին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս ընթացքին, դեսպանը նշեց, թե Իրանը կարեւորում է տարածաշրջանում առկա լարվածության բոլոր օջախներում իրավիճակի մեղմացումն ու խնդիրների կարգավորումը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։ Իրանցի դիվանագետի խոսքերով, Իրանը դեռեւս ղարաբաղյան հակամարտության սկզբից է ջանքեր ներդրել խաղաղություն հաստատելու համար։ «Ղարաբաղյան պատերազմում առաջին երկու հրադադարները հաստատվել են նաեւ Իրանի շնորհիվ, երբ մեր երկրի նախագահն էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իսկ Հայաստանի նախագահն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը», - ասաց դեսպան Սաղիղիանը։ Դեսպանը նշեց նաեւ, որ Իրանը ողջունում է այս խնդրի կարգավորմանը միտված ցանկացած միջազգային նախաձեռնություն, այդ թվում` Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Թեհրանն ամբողջությամբ կողմ է երկու երկրների միջեւ սահմանի բացմանը։ Անդրադառնալով իրանում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ դեսպան Սաղիղիանը դրանք որակեց իբրեւ Արեւմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահագների եւ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքի հետեւանք։

No comments: