Հայտարարում է թուրք վերլուծաբանը
«Ազգ» 25-2-2010- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը հետզհետե կանգնում է փակուղու առջեւ: Թերեւս դրա հիմքում թուրքական կողմի Արձանագրություններով պայմանավորված առաջադրանքներն են: Արձանագրություններին Հայաստանի ղեկավարության սառնասիրտ մոտեցումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում հաստատակամությունը կասկածի տակ դրեցին թուրքական առաջադրանքների իրականացումը: Ի պատասխան դրան Թուրքիան հետքայլ կատարեց նորմալացման գործընթացում:
Դա հատկապես նկատելի դարձավ վարչապետ Էրդողանի Վաշինգտոն, ապա եւ Մոսկվա կատարած այցելություններից հետո: Հետքայլը պատճառաբանվեց ՀՀ Սահմանադրական դատարանիՙ Արձանագրություններին առնչվող որոշումով, թե դա նախապայմաններ է պարունակում: Այս պատճառաբանությունը, սակայն, չարժանացավ միջազգային ուժերի հավանությանը, ինչպես չէին արժանացել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացները շաղկապելու Էրդողանի նկրտումները:
Առաջադրանքների ձախողման պայմաններում Թուրքիան որդեգրեց նորմալացման գործընթացը փակուղու առջեւ կանգնեցնելու պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու քաղաքականություն: Ըստ երեւույթին, միջազգային աջակցության բացակայությամբ նաեւ այս քաղաքականությունն է ձախողվում: Թերեւս ձախողման գիտակցությամբ է գրված պրոֆ. Հաքան Յավուզի «Թուրքիայի արտաքին քաղաքականության փակուղին. արձանագրություններ եւ լուծում» վերնագրով «Զամանի» փետրվարի 24-ի համարում հրապարակված հոդվածը, որը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:
«Թուրքիան ակնկալում էր, որ շնորհիվ արձանագրությունների կձերբազատվի միջազգային պլատֆորմներում հարուցվող «ցեղասպանության» մեղադրանքներից, միաժամանակ կհաղթահարի հատկապես ԱՄՆ-ի 1915-ի իրադարձություններն իբրեւ «ցեղասպանություն» բնութագրելու սպառնալից ճնշումները: Հայաստանի նպատակը սահմանների բացման շնորհիվ տնտեսությունը կարգավորելն էր, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին միայնակ թողնելը: Արձանագրություններին ամենաբուռն հակազդեցությունը ցույց տվեց հայկական սփյուռքը: Դրա հիման վրա Հայաստանի Սահմանադրական դատարանն ամենաարմատական մեկնաբանությամբ կարծես վերաձեւակերպեց արձանագրություններն ու ի չիք դարձրեց Թուրքիայի ակնկալիքները:
Թեեւ Թուրքիայի արտգործնախարարությունը, ճիշտ գնահատելով այդ որոշումը, պաշտոնապես հայտարարեց, որ հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն, սակայն ոչ մի պետություն չպաշտպանեց թուրքական կողմի առարկումը: Թերեւս պատահական չէր, որ փետրվարի 19-ի համարում «Էկոնոմիստ» հանդեսը ստեղծված իրավիճակը գնահատեց Թուրքիան «մեկուսացավ» ձեւակերպմամբ: Թուրքիայի առարկումներին ուշադրություն չդարձրին նաեւ ԱՄՆ-ը եւ միջնորդ Շվեյցարիան, արմատավորվեց այն տեսակետը, թե Թուրքիան Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման «պատրվակով» փորձում է «խցանել» նորմալացման գործընթացը:
Այս արձանագրությունները, որոնք թուրքական կառավարությունը իբրեւ մեծ հաջողություն էր ներկայացրել, լուրջ վնաս են հասցնում Թուրքիայի հեղինակությանը: Ավելին, այս արձանագրությունները մեծ հարված են հասցրել թուրք-ադրբեջանական բարեկամությանն ու սասանել են Թուրքիայի հանդեպ Ադրբեջանի վստահությունը: Թուրքիան ե՛ւ Ադրբեջանում ե՛ւ երրորդ երկրներում ընկալվում է որպես «կանոնները խախտող» երկիր եւ անկյուն է խցկվել Երեւանի առջեւ: Ցավոք, նորանկախ Հայաստանի դեմ պետականության հազար տարվա ավանդույթ ունեցող Թուրքիան հայտնվել է ծանր վիճակում:
Հակաթուրքական լոբբիներին նոր առիթներ չտալու եւ դրսում «կանոնները խախտողի» իմիջից ձերբազատվելու համար Թուրքիան երեք ընտրություն ունի. 1) Որպես Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակադարձելու դրսեւորում, արձանագրությունները չմտցնել Մեջլիսի օրակարգ, 2) արձանագրությունները մտցնել Մեջլիսի օրակարգ, պայմանով, որ Մեջլիսը, ելնելով Հայաստանի Սահմանադրական որոշումից եւ Ղարաբաղի հիմնահարցում առաջընթացի բացակայությունից, մերժի դրանք, 3) կամ էլ ներկայացնել Մեջլիս եւ հաստատել վերապահումներով, ինչպես Հայաստանի Սահմանադրական դատարանը:
Այս երեք տարբերակի առավելությունների եւ թերությունների հանրագումարը ցույց է տալիս, որ ամենաիրատեսականը երրորդ տարբերակն է, այսինքնՙ արձանագրություններն ընդգրկել Մեջլիսի օրակարգում եւ վավերացնել վերապահումներով: Հենց դա է ճիշտը: Թուրքիան վերապահումներով պետք է հակազդի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը եւ առաջարկի հետեւյալ նախապայմանները. 1) Հայաստանը պաշտոնապես պետք է ճանաչի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագրերը եւ հայտարարի, որ ճանաչում է Թուրքիայի հետ սահմանը, 2) պատմության հանձնաժողովը արխիվային փաստաթղթերի լույսի տակ պետք է ուսումնասիրի 1915-ից առաջ եւ հետո հայ ազգայնականների ապստամբություններն ու օսմանյան պետության հակազդեցությունը դրանց եւ գնահատական տա իրադարձություններին: Հայաստանը պետք է հրաժարվի երրորդ երկրներում հակաթուրքական գործունեության (ցեղասպանության առնչությամբ) ծավալումից, 3) առանց Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման սահմանները չպետք է բացվեն:
Կարծում եմ, արձանագրությունների վավերացումը այս երեք նախապայմաններով ավելի նախընտրելի է, քան մերժումը, որովհետեւ միջազգային ասպարեզում կուժեղացնի Թուրքիայի դիրքերը: Թերեւս ամենավատ տարբերակը արձանագրությունները խորհրդարան չներկայացնելն է: Վատ է նաեւ Մեջլիսում մերժելու տարբերակը: Թուրքիան այս արձանագրությունները չպետք է դարձնի ներքին հաշվարկների զոհը, այլապես դա նրա համար կարող է աղետի վերածվել»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Thursday, February 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment