Thursday, February 18, 2010

ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Ի՞ՆՉ ԵՔ ԶԻՋՈՒՄ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ

«Լրագիր» 18-2-2010- Ազգային ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններն արդեն հանձնաժողովում է, եւ հանձնաժողովը պետք է եզրակացություն ներկայացնի այս արձանագրությունների վերաբերյալ: “Վաղը մտադիր ենք նախնական քննարկում անցկացնել հանձնաժողովի նիստում: Դիմելուն ենք ԱԺ նախագահին արձանագրությունների քննարկումը սկսել միայն մեր հանձնաժողովի եզրակացությունն ունենալուց հետո”, նշել է պատգամավորը: Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի Լոնդոնում կատարած հայտարարությունը, որ ինքը երաշխավորում է, որ արձանագրությունները կվավերացվեն ԱԺ-ում, Ռուստամյանը ասել է, որ այդ հայտարարությունն այդքան էլ ճիշտ չէ: “Դա չի նպաստում մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Ինչ է նշանակում օրենսդիր մարմնում գործընթացների երաշխավորումը: Սա պարզապես ցուցում է, թե ինչպես պետք է քվեարկություն անցկացնել: Իսկ սահմանադրությամբ գործադիր և օրենսդիր իշխանությունները տարանջատված են: Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Ռուստամյանը ասել է, որ ներկա տեսքով արձանագրություններին դեմ են: “Եթե այս ձևով դրվեն վավերացման, դրան դեմ ենք քվեարկելու: Արձանագրությունները վտանգ են մեր երկրի ապագայի համար: Հանարավորություն կա ԱԺ-ում վերապահումների միջոցով շտկել այս արձանագրություններում եղած թերությունները: Նախագահը, երբ ուղարկեց արձանագրությունները ԱԺ, արդեն իսկ անընդունելի է, քանի որ նա այս քայլով չի կատարել Սահմանադրական դատարանի պահանջը 6-րդ կետով, ըստ որի Հայաստանի իշխանությունների քայլերը պետք է համահունչ լինեն ՍԴ որոշումներին”: Ռուստամյանի կարծիքով, Հայաստանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները: Միակ ճանապարհը մնացել է գործընթացից դուրս գալը: “Եթե իշխանությունները սպառնում են, որ Հայաստանը կարող է դուրս գալ գործընթացից, ակամայից ընդունում ենք, որ Թուրքիան ստանալու բան ուներ: Չէ որ հայտարարվում է, որ առանց նախապայմանների են արձանագրությունները: Չի խոսվել այն մասին, որ մենք ինչ-որ բան զիջում ենք: Եթե զիջում եք, բարի եղեք ասել, ինչ եք զիջում ժողովրդի հաշվին: Իրականում իրար են փոխկապակցվել հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացները: Ադրբեջանը և Թուրքիան հանդես են գալիս որպես մեկ միասնական կողմ: Եթե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, նոր սահմանը բացվի,ապա արձանագրությունների իմաստը ո՞րն է: Պարզից էլ պարզ է, որ Ղարաբաղի հարցի լուծումով ինքնըստինքյան բոլոր սահմաններն էլ բացվում են”, ասել է Արմեն Ռուստամյանը:

No comments: