Saturday, February 13, 2010

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

«Լրագիր» 13-2-2010- Փետրվարի 11-ին Նյու Յորքում անցկացվեց «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին «Ֆլեթչեր» ակումբը և «Սենչըրի» հիմնադրամը: Քննարկումներին մասնակցում էին միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, Նյու Յորքի գործարար և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը: Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և դրանց դրույթների կատարումն ակնկալում և կարևորում է ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը: Բանախոսներն իրենց խոսքում անդրադարձել են ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը խնդրո առարկայի վերաբերյալ և կարևորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունն, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

No comments: