Saturday, February 20, 2010

ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ

«ԱԶԳ», 20-02-2010 - Վրաստանի հայ փոքրամասնությունը, հատկապես երկրի հարավ-արեւմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան) համախումբ բնակվող նրա հատվածըՙ ջավախահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթամշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից: Այսպիսի հայտարարություն են ընդունել մի շարք քաղաքական ուժեր ու կազմակերպություններ, որոնք փետրվարի 18-ին մասնակցում էին Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը եւ ջավախահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկմանը: «Ազգը» տեղեկացրել է քննարկման մանրամասներին: Հայտարարության տեքստում նշվում է, որ հայ բնակչությունը նշված տարածաշրջանում ոչ համաչափ է ներկայացված կամ գրեթե չի ներկայացված իր համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում, պարտադրվում է վրացերենը համախումբ բնակության շրջաններում, իսկ այդ լեզվին Ջավախքում չեն տիրապետում օբյեկտիվ պատճառներով: Վրացերենի չիմացությունը խնդիրներ է առաջացնում, իսկ ավելի հաճախ արգելված է դարձնում հայերի համար աշխատատեղ զբաղեցնելը: Բացի այդ, ըստ հայտարարության, Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում շարունակում է մնալ առանց իրավական կարգավիճակի, եւ վրացական իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրաված հայկական տաճարները: «Վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները, շարունակում են ջավախահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, որ վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիվության ցանկացած դրսեւորում արմատախիլ անելու ուղղվածություն», նշված է հայտարարության մեջ` կոնկրետ օրինակների ներկայացմամբ, որոնց «Ազգի» ընթերցողները տեղյակ են: Մասնավորապես, որ արգելված է ջավախահայության խնդիրներով զբաղվող գործիչներից ոմանց մուտքը Վրաստան, նույնն է հայերեն գրականության ու մամուլի պարագայում առաջ քաշվող խոչընդոտների առումով: «2007-09 թթ. վրացական ուժային կառույցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու եւ հեռակա դատավարություններ անցկացնելու հետեւանքով իրենց հայրենիքը լքեցին տասնյակ ջավախահայ ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան եւ այլք): Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, դատական հետապնդումների եւ հալածանքների ենթարկվելով` իրենց քաղաքական գործունեությունը դադարեցրեցին ջավախահայ ակտիվիստներ Գրիգոր Մինասյանը, Սերգեյ Հակոբջանյանը եւ այլք»: Հայտարարությանը միացողները խիստ անհանգստություն ու վրդովմունք են հայտնում վրաց իշխանությունների կողմից ջավախահայության նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ, որի հետեւանքով Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը կանգնել է հայաթափման լուրջ վտանգի առջեւ: «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոխորհուրդ եւ այլն) անհապաղ միջոցներ ձեռնարկել ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբՙ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը», ասվում է հայտարարության մեջ, այդուհետեւ ներկայացնելով առաջնահերթ խնդիրները: Դրանք են` ջավախահայ ակտիվիստների քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումը, հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի եւ հայ տաճարների վերադարձման խնդրի լուծումը: Հայտարարությունը կոչ է Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության խնդրով մտահոգ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հասարակական-քաղաքական ուժերին, ինչպես նաեւ հասարակության ներկայացուցիչներին` միահամուռ լծվել ջավախահայության իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված պայքարին, հետամուտ լինել ջավախահայության ապագան հայրենի հողում կառուցելու համար լիարժեք պայմանների ստեղծմանը: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: