Wednesday, February 24, 2010

Եթե անհրաժեշտություն լինի, Հայաստանը կարող է կասեցնել կամ դադարեցնել հայ-թուրքական արձանագրությունները. ՀՀ ԱԳՆ

Panorama.am. 23-2-2010- Ազգային ժողովում խորհրդարանականները սկսել են քննարկել «Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունները ենթադրում են միջազգային պայմանագրի կասեցում և դադարեցում: Պայմանագրից դուրս գալու նախաձեռնություն կարող է հայտնել ՀՀ նախագահը, վարչապետը, արտգործնախարարը կամ իրավասու որևէ գերատեսչություն, որը ներկայացնում է հիմնավորումներ ԱԳՆ-ին: Իսկ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուն էլ տասնօրյա ժամկետում այդ հիմնավորումները ներկայացնում է երկրի ղեկավարին, որն էլ կայացնում է որոշում: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հիշեց նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե եթե հայ-թուրքական գործընթացը ձգձգվի, ապա Հայաստանը կարող է հիմնվելով կատարելիք փոփոխությունների վրա` դուրս գալ գործընթացից ու հարցրեց. «Այդ շրջանակներո՞ւմ է տեղավորվում այս օրինագիծը»: «Հայաստանի նախագահը հայտարարություն է արել, և կարծում եմ, դրան ավելացնելու որևէ բան ես չունեմ», -ի պատասխան նկատեց արտգործնախարարը: Սակայն վերջինիս պատասխանը, ըստ երևույթին, չգոհացրեց պատգամավորին, և նա պնդեց. «Եթե դժվար չէ` այո՞, թե՞ ոչ»: «Իհարկե, բնականաբար: Ինչպես գիտեք, պայմանագրերը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ կարող են նախաձեռնությամբ հանդես գալ նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը և համապատասխան գերատեսչություններ: Բնականաբար, եթե անհրաժեշտություն լինի, սա էլ միջազգային պայամանգիր է, ուրեմն համապատասխան քայլեր կձեռնարկվեն», -պատասխանեց նախարար Նալբանդյանը:

No comments: