Wednesday, February 24, 2010

«Խոջալուի մասին առասպելին պետք է վերջ դրվի»

Aysor.am. 23.02.2010- ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: -«Նովոստի-Արմենիա» - Պ-ն Սաղաթելյան, ամեն տարի Հայաստանում և ողջ աշխարհում նշվում են Սումգաիթում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրերը: Զուգահեռաբար, Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է «Խոջալուի արդարություն» անունով հակահայկական այլատյացական բնույթի արշավ ծավալել: Ի՞նչ գնահատական կտաք այդ գործողություններին: -Սաղաթելյան – Ապարդյուն փորձելով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Սումգաիթում, Բաքվում, Մարագում հայազգի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների մասնակցությամբ ծրագրված և սառնասրտորեն իրագործված լայնածավալ ցեղասպան գործողություններից, Շուշիիից, Խոջալուից, Մայլիբեյլիից և կրակային այլ կետերից Ստեփանակերտի համընդհանուր ռմբակոծություններից ու շրջափակումից, որի արդյունքում սպանվել են հազարավոր կանայք, երեխաներ և ծերեր, Ադրբեջանի ղեկավարությունը գլոբալ կեղծարարության ուղի է բռնել: Մտքի ազատության քողի տակ ադրբեջանական քարոզչամեքենան ավանդաբար խախտում է տեղեկատվություն ստանալու ազատության հիմնարար ածանցյալը` ճշմարտության իրավունքը: Ընդ որում, կեղծարարության գործընթացը ուղղորդվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից` երկրի դիվանագիտական կորպուսի և հատուկ ծառայությունների ռեսուրսների ներգրավմամբ: Իրականում փորձագիտական հասարակայնությունը հստակ գիտակցում է, որ Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակման ճեղքման ռազմական օպերացիան և ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամում մարդկային զոհերը երկու տարբեր պատմություններ են: Ինչ վերաբերում է 1992 թ. փետրվարին Աղդամի մատույցներում տեղի ունեցած ողբերգությանը (իսկ Աղդամը, համաձայն մի շարք արտասահմանյան աղբյուրների, այդ ժամանակ գտնվում էր Ադրբեջանի ժողովրդական ճակատի վերահսկողության տակ` մի քանի զինված ավազակախմբերի միջոցով), ապա այստեղ համաշխարհային հանրության համար ամեն բան պարզ է: -«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ են համապատասխանում մեր դիտարկումներն առ այն, որ Խոջալուի հարցի շուրջ իրադրությունը շարունակում է զարգանալ: -Սաղաթելյան – Իրապես, ադրբեջանական քարոզչության ջանքերին հակառակ, ադրբեջանական կողմի կեղծարարությունները հաստատող փաստերի քանակը և որակը օր օրի ավելանում է` այսօրվա դրությամբ հասնելով կրիտիկական աստիճանի: Զգալի պարզություն մտցրեց 1992 թվականին, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովը գլխավորած Ռամիզ Ֆաթալիևի` վերջերս կայացած հարցազրույցը: «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանի ծառայությանը 2009 թ. սեպտեմբերին տված իր հարցազրույցում Ֆաթալիևը խոստովանել է, որ հայկական զինված կազմավորումների կողմից Խոջալուի ուղղությամբ Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելուց չորս օր առաջ, այսինքն` 1992 թ. փետրվարի 22-ին, Բաքվում կայացել է Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցություն, ուր «որոշվել է Խոջալուից մարդկանց դուրս չբերել»: Փաստորեն, Խոջալուում մնացած քաղաքացիական բնակչության տարհանմանը խոչընդոտելը եղել է Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշման արդյունք. Ժողովրդական ճակատի այդ և հաջորդ գործողությունները նախապես ծրագրված են եղել: Մեկնաբանություններն ավելորդ են: -«Նովոստի-Արեմենիա» - Ի՞նչ կարող եք ասել սույն հարցով ադրբեջանական կողմի ապացուցողական հիմքի մակարդակի մասին: -Սաղաթելյան – Ընդհանուր առմամբ, Խոջալուի թեմատիկայով, այսպես կոչված, «ապացուցողական հիմքի» ավելի քան 90 %-ը կա՛մ լիովին, կա՛մ մասնակիորեն կեղծված է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Իսկ այն, ինչը որևէ կերպ կապվում է իրականության հետ, կա՛մ օբյեկտիվ գործընթացների օրինաչափ հետևանք է, կա՛մ էլ` այն ժամանակվա Ադրբեջանի քաղաքական վերնախավերի բանսարկությունների ողբալի արդյունք: Այն ժամանակ Աղդամի մատույցներում զոհվածները Ժողովրդական ճակատի կողմից օգտագործվում էին բուն Ադրբեջանում` ներքաղաքական հաշիվներ մաքրելու նպատակով, ինչն անձամբ խոստովանել է նախագահ Մութալիբովը: Եվ այսօր էլ զոհվածների հիշատակը ծառայեցվում է նույն նպատակին, որն է` քաղաքական տխրահռչակ ամբիցիաների բավարարումը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի քարոզչությունն այնչափ ցրված է, որ շարունակում է անպատկառ ձևով տարածել ոչ միայն կեղծ, այլև, շատ դեպքերում, հակասական տեղեկատվություն: Իսկ ադրբեջանական կողմից տարածվող նկարահանումների կադրերը, որոնք վերագրվում են 1992 թ. ամռանը, մինչ օրս «չպարզված հանգամանքներում» ադրբեջանցիների կողմից վերահսկվող Աղդամում զոհված օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի, մեղմ ասած, բեմադրածն են: Ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպել ջարդը Աղդամի մատույցներում` դիմահար կրակելով Խոջալուից դուրս եկած մարդկանց: Ի լրումն ԱՀ այն ժամանակվա նախագահ Մութալիբովի` բազմիցս հրապարակված հայտարարությանը, կարող եմ մեջբերումներ անել 1992 թ. փետրվարի 6-ի դրությամբ իրադրության վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումների տեքստերից. «Աղդամում գործում է 27 տեղական ռազմական կազմավորում: Հիմնականում, դրանք ավաններ զավթելուց հետո զբաղվում են ավազակությամբ, անասնագողությամբ և անձնական ունեցածքի գողությամբ»: -«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակներ: -Սաղաթելյան – Որևէ մեկը փորձե՞լ է համադրել Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով քարոզվող, այսպես կոչված, «Խոջալուի ժամանակագրությունը»: Վերցրեք և համեմատեք: Այդ կադրերը ուշադիր դիտարկող յուրաքանչյուր ոք անպայմանորեն կնկատի տասնյակ անհամապատասխանություններ, կեղծիքներ և բեմադրություններ: Պետք է միայն «գլխի ընկնել» և վերցնել աշխարհով մեկ տարածված Կոսովոյի ողբերգական դեպքերի կադրերը և վերջիններս ներկայացնել որպես «Խոջալու»: Որքա՞ն արժե միայն 1992 թ. փետրվարի 28-ի և մարտի 2-ի ադրբեջանական «տեսաժամանակագրությունը»: Վերամոնտաժված և հակառակ ցանկացած տրամաբանության նկարահանված` այն պարզորոշ կերպով ցուցադրում է առնվազն երկու զոհ նրանցից, ում դիակները նկարահանումների առաջին օրը` փետրվարի 28-ին, ցուցադրական կերպով տեղափոխվել են ուղղաթիռ և «դուրս բերվել», իսկ մարտի 2-ի նկարահանումների ժամանակ, չգիտես ինչու, կրկին գտնվում էին գետնին` նկարահանումներն ավարտին հասցնելու վայրում: Մյուս զոհերը ևս, մե՛կ անհետանում են, մե՛կ հաջորդ կադրերում կրկին հայտնվում` այլ դիրքով, հագնված, մերկ, այլանդակված: Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում միանշանակ ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում: «Խոջալուի պատմությունը առասպել է, որը ուռճացվում է սեփական հանցագործությունները քողարկելու նպատակով: Իսկ նյութերի կեղծարարությամբ և միջազգային հանրության ապուշացման փորձերով ուղեկցվող` մինչ օրս պարբերաբար նախաձեռնվող հիսթերիան փաստացի վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավն ամենաբարձր մակարդակով պարզապես քարոզչական ռեկվիզիտ է դարձրել մարդկանց` սեփական ծերերի, կանանց և երեխաների ողբերգությունը: Դա անվիճելի փաստ է, որը լավ հասկանալի է միջազգային հանրությանը»:

No comments: